Թեմի առաջնորդը հեռացավ՝ հիմնադրամը թուլացավ. ինչ է կատարվում Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ստեղծվեց 2015 թվականին: Այն միտված էր լուծելու Գյումրիում անօթեւանության խնդիրը` շահառուներին տրամադրելով սոցիալական բնակարան, չփոխանցելով բնակարանի սեփականության իրավունքը։ Դրանով Հիմնադրամը բացառում է շահառուներին հատկացված բնակարանի վաճառումը և կրկին ժամանակավոր կացարան տեղափոխվելը։

Մշտադիտարկման արդյունքում փաստվել էր, որ Գյումրիում դեռևս առկա է 2983 տնակ, որոնցից 2399-ը բնակեցված են, 584-ը՝ ոչ: Բնակեցված տնակներից 1508-ը թիթեղյա է, 577-ը՝ քարաշեն, 314-ը՝ կիսաքարաշեն: Գործունեության ամբողջ ընթացքում հիմնադրամի միջոցով 29 ընտանիքի օթեւանի խնդիր էր լուծվել:

Հիմնադրամի գործունեությունը դրական ընթացք ունեցավ մինչ այն պահը, երբ հոգաբարձուների խորհրդից հեռացավ խորհրդի նախագահը: Միքայել Եպ. Աջապահյանը, վիրավորված իր թեմից, որոշեց հեռանալ հասարակական գործունեությունից: Այնուհետեւ հրաժարական տվեց նաեւ հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը, ու ընդամենը 3 տարվա կյանք ունեցող հիմնադրամի ակտիվ գործունեությունը ժամանակավոր կասեցվեց: Այժմ հիմնադրամը ղեկավարում է Մհեր Խաչատրյանը:

Վերջինս հիմնադրամի հեղինակության անկումը կապում է թեմի առաջնորդի հրաժարականի հետ: Հիմնադրամի նորանշանակ տնօրենն ու հոգաբարձուների խորhրդի անդամները փորձ են կատարում երկխոսության եզրեր գտնել ու վերադարձնել Շիրակի թեմի առաջնորդին «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհուրդ. «Սրբազանի հեռանալը շատ լուրջ ու բացասական ազդեցություն է թողել հիմնադրամի գործունեության վրա, քանի որ Սրբազանի հեղինակությունը եւ հոգաբարձուների խորհրդի գլուխ լինելը մեծ նշանակություն ուներ: Իր հեռանալուց հետո արդյունավետությունը կտրուկ նվազել է, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը վերադառնա:

Քաղաքապետն էլ ասել է, որ մի քիչ համբերենք»,- ասաց հիմնդրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը: Շիրակի թեմի առաջնորդն այս պահին արձակուրդում է: Հոգաբարձուների խորհրդի անդամները սպասում են նրա վերադարձին ու նաեւ կոչ անում ազգաբնակչությանը անտարբերություն չցուցաբերել: «Յուրաքանչյուրս պարտավոր ենք հորդորել, համոզել ու անգամ խնդրել, որ իր թեմից բացի Սրբազանը նաեւ հանձն առնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարումը»,-ասում է Մհեր Խաչատրյանը:

Թե ինչ ճակատագիր կունենա «Գյումրին առանց տանկների» հիմնադրամը հայտնի չէ, բայց հստակ է մեկ բան. կազմակերպության գործունեության ակտիվացումը Գյումրիում կապում են միայն թեմի առաջնորդի վերադարձի հետ, հակառակ պարագայում հոգաբարձուների խորհրդի կազմաքանդումը անխուսափելի կլինի:

Հեղինե Մանուկյան




Լրահոս