Հեռուստացույց հափշտակողը չի հասկացել, թե ինչպես է այն իր մոտ հայտնվել. ոստիկանները հիշեցրել են կատարվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին ժամը 03.00-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները 2-րդ թաղամասում, գիշերային շրջագայության ժամանակ, նկատել էին հարբած մի տղամարդու` հեռուստացույցը ձեռքին: Մոտեցել էին, հարցուփորձ արել: Հայտնել էր, որ հեռուստացույցն իրենը չէ և չգիտի, թե ինչպես է հայտնվել իր մոտ:

Գողություն կատարելու կասկածանքով, իրավապահները նրան ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկեցին, պարզեցին ինքնությունը` Աբովյանի բնակիչ Զոհրաբ Զ.: Այդ գիշեր կասկածայալի խուզարկությամբ 10 տարբեր չափսի ու ձևի բանալիներ հայտնաբերվեցին:

Իսկ առավոտյան հափշտակված հեռուստացույցի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ստացվեց. գիշերը Չարենցավանի 2-րդ թաղամասում, ինչ-որ մեկը տեղահան էր արել բուքմեյքերական գրասենյակի պատուհանն ու գրասենյակից հեռուստացույց հափշտակել: Հեռուստացույցի տեսակը, չափը, անգամ փողոցը, որտեղից բերման էր ենթարկվել հարբած տղամարդը, համընկնում էին:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:




Լրահոս