«Իմ քայլ»-ը դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջարկում է Երևանի վերաբերյալ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել քաղաքային հանրաքվեի միջոցով: Այս մասին ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ Երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի է ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»,- ասաց նա:
«Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- նշեց Մարությանը: