Փաշինյանը ռուսաստանցի մասնագետներին հասանելիություն է տվել ամերիկյան լաբորատորիաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել Հայաստանում ամերիկյան լաբորատորիաներ, որոնք զբաղվում են կենսաբանական նյութերի հետազոտություններով: Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաներ»,- նշել է նա:

Վարչապետի խոսքով՝ ռուսաստանցի մասնագետները «երբեք հասանելիության խնդիր չեն ունեցել եւ չեն ունենա այն պահից, երբ ես դարձա Հայաստանի վարչապետ»:

«Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ ռուսաստանցի մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այնտեղ, այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,- հավելել է Հայաստանի վարչապետը: Նա ընդգծել է, որ այդ լաբորատորիաները «շատ լավ որակ ունեն»:

«Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի: Հակառակը՝ մենք հրավիրում ենք ռուսաստանցի մասնագետներին եւ պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք այնտեղ արդեն եղել են, եւ երբ կրկին ցանկանան, սահմանափակումներ չեն լինի»,- ասել է վարչապետը:




Լրահոս