ՀՀ Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարապետյանի թեկնածությունն առաջարկել է Հանրապետական խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
«Կարեն Կարապետյանն ունի այն մասնագիտական որակները, որոնք նրան հնարավորություն կտան իրականացնել իր պարտականությունները: Կարեն Կարապետյանը Վերահսկիչ պալատում աշխատանքի մեծ փորձ ունի, նաև այլ մարմիններում աշխատանքի փորձ ունի, որը չափազանց կարևոր է»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ աշխատանքային մեծ փորձն իրեն հնարավորություն կտա միանգամից անցնել պարտականությունների կատարմանը:
«Ընտրվելու դեպքում առաջնային եմ համարում ռիսկերի մեթոդաբանության հստակեցումն ու լրամշակումը: Աշխատանքներ եմ տանելու, որպեսզի Հաշվեքննիչ պալատը համալրվի հաշվեքննություն կատարելու ունակություն ունեցող բարձրակարգ մասնագետներով»,- ասաց նա:
Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով: