Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ոլորտներում:
Ստուգումների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը թիրախավորում է այն ոլորտները, որոնք ունեն առավել բարձր ռիսկայնության ցուցանիշ, մասնավորապես՝
օծանելիք և կոսմետիկ արտադրանքներ,
խաղալիքներ,
ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ),
ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք,
երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք:
Այս ոլորտներում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են տարբեր բնույթի խախտումներ, որոնցից.
Օծանելիք և կոսմետիկ արտադրանք – արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի և մակնշման,
Խաղալիքներ – արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի և մակնշման,
ԱԳԼՃԿ – վաճառքն իրականացվել է խորանարդ մետրով` կիլոգրամի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը,
Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք – վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշններին՝ օկտանային թվի և ծծմբի պարունակության անհամապատասխանություն,
Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք – արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի և մակնշման:
Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման և կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երևանում և թե մարզերում:
Երևանում կազմակերպվել է հանդիպում երեխաների և դեռահասների համար նախատեսված, օծանելիք և կոսմետիկ, ինչպես նաև պետական գրանցման ենթակա ոչ պարենային այլ արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Մարզերում կազմակերպվել են հանդիպումներ ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների և ոչ պարենային արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի
պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձևավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների
մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ և որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում: