Բոլոր հիմնարկների հարցերը լուծել են, մնացել են երգիչնե՞րը. շոուբիզնեսցիների արձագանքը՝ հարկեր վճարելու մասին ՊԵԿ նախագահի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարսանիքներին երգող երգիչները պետք է հարկեր վճարեն. «Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու ավանդույթ է ձեւավորվել, գիտեմ՝ այսինչ այսինչյանը հարսանիքին երգելու համար որքան գումար է պահանջում: Իսկ նրանք ունե՞ն արդյոք հարկեր վճարելու մշակույթ, այդ երգիչ-երգչուհիները հայտարարագրեր չեն ներկայացնում: Բայց օրենքով կա այդպիսի պայման վերջին 25 տարիների ընթացքում»,-ասել է ՊԵԿ նախագահը: Խոսելով, առհասարակ, մշակույթի ոլորտից` նա նաեւ նշել է, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, օրինակ, ժամանակին իր եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր է ներկայացրել:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի եւ երգչուհի Աննա Խաչատրյանի հետ: Նրանք երկուսն էլ չեն պատկերացնում՝ ինչ սկզբունքով է հնարավոր հարկել իրենց ոլորտի ներկայացուցիչներին, ինչ մեխանիզմներ պետք է մշակվեն, որոնք կարող են ընդհանուր լինել բոլորի համար:

Արսենի խոսքով՝ երգիչ-երգչուհիներին հարկային դաշտ մտցնելուց առաջ հարկավոր է լավ ուսումնասիրել ոլորտը եւ տիրապետել ինչ-ինչ մանրամասների, հետո նոր հայտարարություններ անել. «Օրինակ՝ իրենք գիտե՞ն, թե երգի ստեղծումից մինչեւ տեսահոլովակի թողարկում երգիչը որքան է ծախսում, թե՞ դա ոչ ոքի չի հետաքրքրում: Այնքան խնդիրներ ունեն մեր ոլորտի ներկայացուցիչները, թող առաջնահերթ դրանք լուծեն: Երգչին հարկային դաշտ մտցնելուց առաջ նրա համար պետությունն ի՞նչ կարգավիճակ է ապահավելու:

Բոլոր հիմնարկների հարցերը լուծել են, մնացել են երգիչնե՞րը: Այդ նույն սկզբունքով կարելի է Վերնիսաժի նկարիչների վաճառած ամեն կտավից հարկ վերցնել: Ի դեպ, նման քննարկումները նոր չեն, որ լինում են, նախկինում եւս բարձրացվել է այս հարցը, մեզ կանչել են համապատասխան մարմիններ, բայց երբեք հստակ մեխանիզմ չի ներկայացվել՝ ինչպես պետք է հարկվեն երգիչները: Իսկ մտածե՞լ եք այն մասին, որ երգիչը գուցե տվյալ հարսանիքի ժամանակ երգը պարզապես նվիրում է, դրա համար չի վճարվում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է որոշվի՝ ով որքան է վճարելու»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հիշեց, որ երգիչներին հարկային դաշտ մտցնելու հարցը նախկինում քննարկվում էր ձայնասկավառակ թողարկելու պարագայում. «Ես ասում էի՝ պետություն, ապահովիր ալբոմներիս օրինական վաճառքը, ես էլ հարկ կտամ քեզ: Ես դեմ չեմ օրինական դաշտ մտնելու որեւէ պահանջի, բայց դա պետք է լինի խելամիտ, փոխշահավետ պայմաններում»,- նկատեց Արսենը:

Աննան եւս պատկերացում չունի, թե պետությունն ինչ սկզբունքով է երգիչ-երգչուհիներից հարկ վերցնելու: Նրա խոսքով՝ իրենց ոլորտն այդ առումով կառավարելի չէ. «Օրինակ՝ ես նախորդ շաբաթ երգել եմ հարսանիքի ժամանակ, եւ ինձ որպես հատուցում գինի են նվիրել: Հիմա ես պետք է այդ գինու 45 գրամը հարկ տա՞մ: Ինչպե՞ս են այս եւ նմանատիպ այլ դեպքերում կատարվելու հաշվարկները: Կամ ինչպե՞ս են հաշվելու՝ ես ամսական որքան գումար եմ աշխատում, որպեսզի հաշվեն նաեւ, թե որքան հարկ եմ մուծելու: Եվ հետո, կարող է տվյալ երգը մի անգամ պատվիրեն 5 հազար դրամով, մյուս անգամ՝ 20 հազար դրամով: Ինչպե՞ս են իմանալու՝ որ դեպքում որքան են վճարել: Եթե, ասենք, խանութների, ռեստորանների դեպքում սա վերահսկելի է, ապա երգարվեստի ոլորտում նման սկզբունքներով հնարավոր չէ առաջնորդվել»,-մանրամասնեց Աննան:

Հավելենք՝ պարոն Անանյանը հույս է հայտնել, որ գուցե իր հայատարարությունից հետո երգիչ-երգչուհիները ներկայացնեն համապատասխան հայտարարագրեր: Նրա խոսքով՝ առայժմ, սակայն, խանդավառվելու առիթներ չկան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս