ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննությունն արդեն ավարտվել է. այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Քննությունն ավարտվել է, եւ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քրեական գործ է հարուցված եւ այն ընթանում է»,- տեղեկացրեց Անանյանը: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այժմ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնակատարը Լեւոն Հովհաննիսյանն է: Այսինքն` վերջինս կատարում է Կարեն Կարապետյանի աշխատանքային պարտականությունները: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվելու:
Ըստ շրջանառվող լուրերի`Կարապետյանը աշխատել է սեփական ընկերության օգտին` շուկայից դուրս մղելով մյուս ընկերություններին: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյա է, նախկինում նա հեռացվել էր ՊԵԿ համակարգից, բայց Դավիթ Անանյանի առաջարկով նշանակվել էր վերոնշյալ վարչության պետ: ՊԵԿ նախագահը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նաեւ, որ այս ընթացքում ՊԵԿ բազմաթիվ աշխատակիցների մասով ծառայողական քննություն է ընթանում: