ԶԻՆՎԱԾ ՋՈԿԱՏԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է եւս մեկ կուսակցություն` «Սասնա ծռեր» անվամբ: Երեկ այդ մասին հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Նրանք նշել են, որ այդ կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հավակնելու են քաղաքական դաշտում ունենալ լուրջ դերակատարություն: Ու թեեւ երեկ Ժիրայր Սեֆիլյանը պնդում էր` իրենք նեցուկ են լինելու Փաշինյանի կառավարությանը, Վարուժան Ավետիսյանը, որ մեղադրվում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ, միանգամայն հակառակ տրամաբանության մեջ հեռուն գնացող ակնարկներ է արել: Սկզբում նա ասել է, թե նոր ստեղծվելիք կուսակցությունը չի հանդիսանա զինված խմբի ժառանգորդը, եւ որ այդ խումբը ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում փակել է զինված պայքարի էջը։ Մյուս կողմից, սակայն, Ավետիսյանն ասել է, որ «Սասնա ծռեր» խմբավորմանը չպետք է դատեն, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենց դատեն, ուրեմն Սերժ Սարգսյանը իշխանությունից չի հեռացել։
Առաջին հայացքից տպավորություն է, թե մշտապես իրենց ծայրահեղական մոտեցումներով հայտնի, երեք ոստիկանի սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերը» Փաշինյանի իշխանության օրոք ազատ արձակվելուց հետո որոշել են, այնուամենայնիվ, քաղաքական դաշտ մտնել` ընդունելով քաղաքական պայքարի կանոնները: Բայց սա միայն առաջին հայացքից: Նրանք, միեւնույն է, քաղաքականություն են մտնում «զենքով»` չհրաժարվելով զինված պայքարի մեթոդներ կիրառելուց: Պարզապես հիմա բարձրաձայն չեն խոսում այդ մասին: Բացի այդ` պայքարի նման մեթոդների կդիմեն ոչ միանգամից, այլ, օրինակ, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում պարտություն կրեն: Օդում կախված լուրերի համաձայն` մասնավոր զրույցներում եւս «Սասնա ծռերի»՝ ազատ արձակված անդամները երբեմն կոշտ հայտարարություններ ու ակնարկներ են անում նաեւ այս իշխանությունների մասին խոսելիս՝ ասելով, որ չեն վստահում Փաշինյանի կառավարությանը ու նրան համարում են «Սերժի մարդը»: Եւ սա այն դեպքում, երբ իրենք հենց Փաշինյանի կառավարության օրոք են ազատ արձակվել, որովհետեւ ՀՀԿ իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէին պատկերացնի, որ ճաղավանդակներից դուրս կգան:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը համոզմունք է հայտնել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, եւ հիմա քննարկում են կալանավորման հարցը, այնքան էլ չի ցանկանում քաղաքականություն վերադառնալ: «Իմ խորին համոզմամբ` Քոչարյանը ջանք ու եռանդ չի խնայում հիմա ուղղակի չդատվելու համար: Բայց կարծում եմ` ինքն այդ իմաստնությունն ու խելքն ունի, գիտի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը չունի: Ես չեմ կարծում` ինքն իրականությունից այնքան կտրված է, որ մտածում է` Հայաստանում կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կարող են Քոչարյանի նման բեռն իրենց վրա տանել: Միայն փողով այսօր քաղաքական դաշտում խնդիրներ լուծելն անհնարին է դառնալու»,- ասել է նա: Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործին, որի շրջանակներում ինքը 2008թ, հարցաքննվել է, Սարգսյանը պատմեց, որ 12 էջանոց ցուցմունք է տվել: Սակայն նա չի ասել, թե ի՞նչ ցուցմունքներ է տվել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաեւ իրավապահներին: Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից: Այդ «համագործակցության» արդյունքում նաեւ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է: Բալասանյանի խոսնակ Սոնա Առաքելյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով. «Չկա նման բան, տեղեկատվությունը աբսուրդի հասնող տեղեկատվություն է»:

 

 

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է` 2018 թվականի օգոստոսի 13-ին «hetq» լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունիրց հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով ներկայացված փաստերով արդյո՞ք ձեռնարկվում է որեւէ քայլ: Եւ ահա ի պատասխան մեր հարցման` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հոդվածն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանը: Ասել է, թե չի բացառվում` ՀՔԾ-ում, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվի նախկին ոստիկանապետի դեմ: Մեկ հիշեցում էլ՝ օրերս քրեական գործ հարուցվեց նրա եղբոր՝ Կարեն Գասպարյանի դեմ, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

 

 

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ
Հայաստանում այսօր հեղափոխության կարիք կա: Հեղափոխություն՝ ՀՀ քաղաքացու ուղեղում, գիտակցության մեջ, մտածելակերպում: Այդ առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ շատ լուրջ քայլեր ունի անելու:
Կարիք կա մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու, որ ՀՀ-ում քաղաքացին բարձրագույն արժեք է, եւ որ պետության ապագան կախված է ՀՀ քաղաքացիներիցս յուրաքանչյուրից:
Կարիք կա մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու կրթություն ստանալու անհրաժեշտությունը: Եւ որ մարդուն առաջ գնալու, աշխատանք գտնելու եւ բարեկեցության հասնելու կարեւոր նախապայմաններից մեկը հենց կրթությունն է, այլ ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, իսկ որ ավելի վատ է՝ կուսակցական պատկանելիությունը: Անցած տարիներին (դեռ խորհրդային ժամանակներից սկսած) տեսել ենք, թե ինչպես էին մարդիկ իշխող կուսակցության անդամ դառնում՝ պաշտոն ստանալու, աշխատանք ունենալու համար, եւ ինչպես էին զանգվածաբար լքում այդ կուսակցությունը, երբ վերջինս հեռանում էր իշխանությունից: Ի դեպ, նման խնդրի առաջ այսօր նաեւ վարչապետ Փաշինյանի կուսակցությունն է՝ ՔՊ-ն:
Կարիք կա մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու, որ բարեկեցության հասնելու համար անհրաժեշտ է աշխատել, այլ ոչ թե սպասել պետության տված նպաստին, իսկ ընտրությունների ժամանակ՝ կուսակցությունների բաժանած գումարներին: ՀՀԿ իշխանությունն այս տարիներին վարել է հակառակ քաղաքականությունը: Հանուն արդարության նշենք, որ միայն մի պահ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք փորձ արվեց փոխելու չաշխատելու, փոխարենը նպաստ ստանալու տրամաբանությունը, բայց քաղաքացիներն ընդվզեցին: Ընդվզեցին, որովհետեւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը եւ, ընդհանրապես, նախկին իշխանությունները չէին վայելում հասարակության վստահությունը, իսպառ զուրկ էին լեգիտիմությունից: Հիմա, ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի լեգիտիմություն, վայելում է ժողովրդի գերակշիռ մեծամասնության վստահությունը եւ ունի հնարավորություն՝ այս հարցում բեկում մտցնելու: Մանավանդ, երբ Փաշինյանն ինքն է հայտարարում, թե կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ «վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն»: Երեկ էլ Ծաղկաձորում սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանը նա շեշտել է, որ կարեւոր է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություն ստեղծվի իր աշխատասիրության համաձայն գտնել իրեն արժանի նշաձողը:




Լրահոս