Ինչպես հայտնի է` Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու, մնացած երկու ուժերը` «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ` միասին: Ինչն է պատճառը, որ այս անգամ էլ դաշինքի ուժերը կոնսենսուսի չհասան, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ «Ելք» դաշինքի երեք կուսակցությունները միասին չեն մասնակցում ավագանու ընտրություններին: Ինչո՞ւ կոնսենսուս չեղավ:
-«Ելք» դաշինքի 3 կուսակցությունների լիդերները` թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը, այդ առումով տեսակետ ասել են: Եվ ես ամբողջությամբ կիսում եմ իրենց տեսակետը, որ «Ելք» դաշինքն այսօր ԱԺ-ում ամբողջությամբ կա, գործում է եւ գործող կառավարության հիմնական քաղաքական հենարաններից մեկն է: ՔՊ-ն այսօրվա դրությամբ ամենամարդաշատ կուսակցություններից է, քանի որ հեղափոխությունն ամբողջությամբ ՔՊ-ի ջանքերով էր եւ նրա լիդերի` Նիկոլ Փաշինյանի: Այնքան մարդ, որքան մեր կուսակցությունում անդամագրված կա, այդքան մարդ մի օրվա մեջ փորձում է անդամագրվել ՔՊ-ին: Եվ շատ օրինաչափ եմ նայում, որ Քաղաքացիական պայմանագրի մեր գործընկերները որոշել են այս ընտրություններում սեփական ուժերը փորձել, տեսնել իրենց հնարավորությունները: Որեւէ վատ բան չեմ տեսնում: Թե՛ ես, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը համարում ենք, որ մենք քաղաքական առումով բնական դաշնակիցներ ենք: Միասին ենք գնում ընտրություններին, թե առանձին, միեւնույն է` մենք դաշնակիցներ ենք եւ անկախ ընտրության արդյունքից` իրար փոխլրացնելու եւ աջակցելու ենք: Սա վստահաբար: Իսկ առանձին կգնանք, թե միասին, այստեղ որեւէ ողբերգություն չեմ տեսնում:
-Այսինքն` առանձին մասնակցելը Ն. Փաշինյանի՞ եւ ՔՊ-ի՞ որոշումն է եղել, իսկ Ձեր կուսակցությունը եւ ԼՀԿ-ն ցանկություն ունեցել են դաշինքով մասնակցելու:
-Այդքան էլ էական չեմ համարում, թե խնդիրների` այս կոնտեքստում զարգանալը որտեղից սկսվեց առաջինը: Եթե պատմական ակնարկ անենք` պիտի ասենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՔՊ-ն որոշեց «Իմ քայլը» գործընթացը սկսել Գյումրիից, որին «Հանրապետություն» եւ ԼՀ կուսակցությունները չմասնակցեցին, որովհետեւ ունեինք այդ խնդրով տարբեր մոտեցումներ: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ որեւէ մեկը չէր հաշվարկում, որ կարող էր նման բան լինել, այդ թվում` միջազգային հաշվարկողները: Այնպես որ, այս առումով մենք այնքան էլ օրիգինալ չէինք: Բայց փառք ու պատիվ ՔՊ մեր գործընկերներին, Ն. Փաշինյանին, որ հավատացին, գնացին, բերեցին այս փոփոխությունները: Մեզ միավորողն ավելի շատ է, քան տակտիկական տարբերությունները: Եթե հանրությունը պիտի մտածի, որ մենք ներքին պայմանավորվածություն ունենք իր թիկունքում, որ ես կամ Է. Մարուքյանը Ն. Փաշինյանի հետ նստել, զրուցել ենք եւ որոշել տակտիկական այսպիսի քայլ անել, որպեսզի խորհրդարանական ընտրություններին միասին գնանք, ու դա լուրջ ազդակ լինի, վստահաբար ասում եմ, որ ո՛չ Ն. Փաշինյանը, ո՛չ Է. Մարուքյանը, ո՛չ ես մեր ժողովրդի թիկունքում երբեք ոչինչ չենք արել: Ես իմ անունից խոստանում եմ, որ երբեք ոչինչ չեմ անի:
-Իսկ գուցե՞ պատճառը հենց այն էր, որ ժամանակին չմիացաք իրենց պայքարին:
-Միգուցե նաեւ դա էր: Այստեղ խնդիր չեմ տեսնում: Դա էլ շատ բնական եմ համարում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերներն ասեն` մենք ինքներս ենք արել սա, 90 տոկոսը մեր ջանքերի շնորհիվ է եղել, հետեւաբար` մենք էլ պիտի լինենք: Իսկ այստեղ ինչ կա տրամաբանությունից դուրս: Բայց այնպես չի, որ «Քաղպայմանագրի» մեր գործընկերները մեզ նայում են որպես հակառակորդներ կամ թշնամիներ: Սա էլ միանշանակ է: Եվ քաղաքականությունը նաեւ քաղաքական հաշվարկի մեջ է: Եթե նախկինում ՔՊ-ն, «Հանրապետությունը» եւ ԼՀ-ն համարում էին, որ մեր եղած ուժերը բավարար չեն, եւ մենք պիտի միավորվենք, որ ուժերը դառնան բավարար, այսօր դրա իմաստը չկա, որովհետեւ ՔՊ-ն արդեն շատ մեծ կուսակցություն է եւ կարող է համարել, որ իր ուժերը բավարար են:
-Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ո՞րն է եղել այս հարցում:
-Նիկոլ Փաշինյանն ասաց, եւ ես իր հետ համաձայն եմ նրանում, որ փաստը հետեւյալն է. «Ելք» դաշինքը գոյություն ունի խորհրդարանում, ուղղակի ՔՊ-ն որոշել է այս ընտրություններում այլ ձեւաչափով մասնակցել: Իր գործընկեր երկու կուսակցություններն էլ մասնակցում են միասնական` այլ ձեւաչափով: Այսինքն` այստեղ իրարից թաքուն որեւէ բան չկա:
-Դուք Մարտի 1-ի դերակատարներից մեկն եք եղել: ՀՔԾ-ն այս շրջանում Ձեզ կանչե՞լ է հարցաքննության:
-Ես ՀՔԾ-ում հարցաքննության ցուցմունքներ ունեմ տված, եթե չեմ սխալվում` 12 էջ: Ես ասել եմ, որ ինձ մոտեցավ ՀՔԾ պետը եւ ասաց` Ձեզ չենք կալանավորում միայն մի պատճառով, որ Դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք: Բայց սա վերջին դեպքն է, հաջորդ անգամ կրկնվելուց Ձեզ կկալանավորենք: Ես, իհարկե, շատ կոպիտ պատասխան եմ տվել. կյանքումս առաջին անգամ ասել եմ, որ ես Վազգեն Սարգսյանի եղբայրը չեմ: Անգամ փորձել եմ դուրս չգալ այնտեղից, բայց չգնացի այդ քայլին, որովհետեւ այլ հանգամանքներ կային: Իրենք փորձում էին արտաքին դիվանագիտական դաշտին ցույց տալ, որ սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ անկարգությունների խնդիր:
-Ռոբերտ Քոչարյանի ներգրավումը Մարտի 1-ի գործում որքանո՞վ կարող է օգնել դրա բացահայտմանը:
-Տպավորություն է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանն ուզում է հետ վերադառնալ քաղաքականություն կամ ինքն է այդպես ասում: Իմ խորին համոզմամբ` Քոչարյանը ջանք ու եռանդ չի խնայում հիմա ուղղակի չդատվելու համար: Բայց կարծում եմ` ինքն այդ իմաստնությունն ու խելքն ունի, գիտի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը չունի: Ես չեմ կարծում` ինքն իրականությունից այնքան կտրված է, որ մտածում է` Հայաստանում կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կարող են Քոչարյանի նման բեռն իրենց վրա տանել: Միայն փողով այսօր քաղաքական դաշտում խնդիրներ լուծելն անհնարին է դառնալու: Ռ. Քոչարյանը վախեցած, խեղճացած մարդ է, որը փորձում է այդ իրավիճակից դուրս գալ, չդատվել: Այդ ենթատեքստում իր բոլոր ընկերներին փուռն է տալիս. ասում է` ես կապ չունեմ, Միքայել Հարությունյանն էր: Այդ խեղճ մարդը Մոսկվայում էր, ընդհանրապես կապ չուներ դրա հետ: Բայց ասեմ, որ ներկայիս ՀՔԾ-ն նախկին ՀՔԾ-ն չէ: Ես տեսնում եմ, որ այս ՀՔԾ-ն կամք ունի եւ ուզում է բացահայտել գործը:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՄԵԾ ՎԱՐԿԵՐ ԽԱՂԱՏԱՆ ՀԱՄԱՐ
Ինչպես հայտնի է` «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը` Պալաչը, հաղորդում է ներկայացրել ոստիկանության ԿՀԴՊԳՎ, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությունը, 2012-2016թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղեւորափոխադրումներ, որի հետեւանքով «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ները կրել են մեծ ֆինանսական կորուստներ: Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ները 2015թ. ճանաչվել են սնանկ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մուլտի կոնցեռն» ընկերության ներայացուցիչ, փաստաբան Դավիթ Մանթաշյանը նշեց, որ այն պատճառաբանությունները, թե նշված ընկերությունների սնանկացման պատճառը բարեգործական երթուղիներն են եղել, չեն համապատասխանում իրականությանը եւ զուրկ են որեւէ հիմքից: Հակառակը, նա նշեց, թե իրենց բանկերի կողմից առաջարկ է եղել ընկերության ակտիվները գնելու: «Առաջարկը եղել է բանկերի կողմից կոնցեռնի տնօրենին եւ առաջարկել են արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ, եւ առաջարկն այն էր, որ ձեռք բերենք սնանկության մեջ գտնվող «Կինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ընկերության ակտիվները», – նշեց նա:
Մեզ հետ զրույցում «Կինգ Դելյուքս» ընկերության նախկին տնօրեն Արթուր Դալաքյանը ներկայացրեց ընկերությունների սնանկացման իրական պատճառները` ասելով, թե դրա մասին գիտեն բոլորը` սխալ կառավարում, վատ մենեջմենթ, եւ որ ամենակարեւորն է` մուտքագրվող ֆինանսական միջոցների եւ եկամուտների անձնական նպատակներով օգտագործում: Նա հավաստում է, որ սնանկացման մեղավորն Արթուր Հարությունյանն է` Պալաչը: «Արդյունքներն ի սկզբանե նորմալ են եղել, հետո ամեն ինչ կանգնեցվեց, այդ մարդու հետ անհնարին էր աշխատել: Եթե մենք ունենք ֆինանսական պարտավորություններ, պետք է ճիշտ կատարես, բայց տվյալ դեպքում հիմնադիրի որոշումով չէր կատարվում: Մուտքերը նա ծառայեցնում էր իր կարիքների համար: Եթե փողը վերցնում է խաղատան կամ արտասահման մեկնելու համար, բնական է, որ տեղի չի ունենա», – նշեց նա:
Նկատենք նաեւ, որ Ծառուկյանին իր սնանկացման մեջ մեղադրող Պալաչը ամիսներ առաջ ներողություն խնդրեց նրանից, իր երթուղին վաճառեց Ծառուկյանին, ու հիմա Ծառուկյանը աշխատեցնում է ե՛ւ երթուղիները, ե՛ւ բարեգործական ավտոբուսները նույն գծի վրա: Այստեղ հարց է առաջանում. եթե այդ երկուսը միմյանց խանգարում են, ինչո՞ւ է Ծառուկյանն ինքն իր դեմ գործում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՀՈՒՄ ԵՆ
Այնպիսի տպավորություն է, թե Հանրապետական կուսակցությունը ծանր է տարել կուսակցությունից զանգվածային արտահոսքը: Խոսքը վերաբերում է նաեւ պատգամավորների` խմբակցությունը եւ կուսակցությունը լքելուն: Թերեւս դրանով կարող է պայմանավորված լինել այն հանգամանքը, որ խորհրդարանին կայքում կուսակցությունը եւ խմբակցությունը լքած պատգամավորները թեեւ արդեն ներկայացված են խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ բաժնում, սակայն նրանց կուսակցական պատկանելիության դիմաց շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Խոսքը մասնավորապես պատգամավորներ Արթուր Գեւորգյանի, Աշոտ Արսենյանի, Արտակ Սարգսյանի, Նահապետ Գեւորգյանի եւ Արման Սահակյանի մասին է: Այս պատգամավորները դուրս են եկել ոչ միայն խմբակցություններից, այլեւ կուսակցություններից:
ԸՆԴԴԵՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԴՍՏԵՐ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը` Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի` 2018 թվականի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, եւ պարտավորեցնել որպես հետեւանք` ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի պաշտպան Մելանյա Վարդաբյանը երեկ հրաժարվեց մեկնաբանություններից. «Փաստաբանական կանոնագրքով կա փաստաբանական գաղտնիք. առանց իմ վստահորդի հետ խոսելու ես ոչինչ ասել չեմ կարող, դա փաստաբանական գաղտնիք է»,- ասաց նա: Ինչով կավարտվի այս դատական քաշքշուկը, սպասենք զարգացումներին: Հավելենք, որ այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը:
ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը ստանալ հին նմուշի անձնագիր: Ինչպես հայտնի է` անցած տարվա հունվարի 1-ին ավարտվել էր ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական «PWPW» ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը: Սա էր պատճառը, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրվեցին հին նմուշի անձնագրեր: Բայց նախատեսվում էր, որ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը: Բայց պարզվում է` ՀՀ ոստիկանությունը որոշել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգել մինչեւ 2021-ի հունվարի 1-ը` մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգի շահագործումը նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք իրականացնելը: Եւ միայն 2021-ի հունվարի 1-ից հետո քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական անձնագրեր: