ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2018 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26, սակայն իր պաշտոնավարման օրոք նման բաներ չեն լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` բացի Բաղրամյան 26-ին ճամպրուկներով գումար տալուց` գործարարներին ստիպել են մարզային ուժային կառույցներին եւս գումար տալ:

Բաղրամյան 26-ի ճամպրուկները
Վերոնշյալ օրը վարչապետ Փաշինյանը նշել էր, որ հանդիպում է ունեցել գործարարների հետ եւ ասել, որ նրանք այսուհետ ազատված են կոռուպցիոն գործարքներից: Նա նշեց, որ հարցրել է գործարարներին` նախկինում ճամպրուկով փողեր բերե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են` այո. «Շատերը ասում են` գործարարները, որոնց վրա հարկային տուգանքներ են դրվել, նրանք ենթարկվում են հետապնդումների: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել` ես չգիտեմ` դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտավորություններից: Գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկով փողեր է նվիրել»:

Մարզերում այլ վիճակ է եղել
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախորդ իշխանությունները պարտադրել են, որ պաշտոնատար անձինք մարզային ուժային կառույցներին գումար տրամադրեն` պատճառաբանելով, թե այս ճանապարհով կապահովագրեն իրենց մարզային իրավապահների կողմից հնարավոր հետապնդումներից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մի շարք գործարարներ, պաշտոնատար անձինք, այլ ելք չունենալով, կատարել են իշխանության պահանջը եւ ամեն ամիս կոնկրետ կլորիկ գումար են տրամադրել ուժային կառույցներին: Մեզ հասած լուրերի համաձայն` այդ գումարները հենց այնպես չեն ծախսվել, այլ գործարարների, պաշտոնյաների տրամադրված գումարներով համակարգի աշխատողներին պարգեւավճարներն են տրվել:
Միայն թե այդ ուշագրավ գործարքն այսքանով չի ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տարիներ շարունակ պաշտոնյաները, գործարարները մարզային ուժային կառույցների հետ նաեւ ընկերական կապեր են ստեղծել, արդյունքում՝ ներքին կարգով պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրավապահները պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին:
Մեզ հասած լուրերի համաձայն` եղել են դեպքեր, որ ինֆորմացիան պահել են իրենց մոտ ինչ-ինչ հանգամանքներում իրենց հակառակորդների դեմ օգտագործելու համար, կամ էլ եղել են դեպքեր, որ ինֆորմացիան հրապարակել են` իրենց հակառակորդներին գցելով ծուղակը:
Գյումրիի քաղաքապետը գործընթացի մասնակի՞ց
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է:
Դեռեւս 2014 թվականի հունվարի 21-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հերթական «դեբոշն» է սարքել Սամվել Բալասանյանի տան մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա, հարբած վիճակում, ընկերների հետ երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու կրակել: Բալասանյանն այդ ժամանակ տանը չի եղել:
Ոստիկանությունում սկսել էին ուսումասիրել դեպքը, եւ հանկարծ զարմանալի կերպով համացանցում հայտնվեց «Վարդան Ղուկասյանի որդու հերթական հարձակումը» վերտառությամբ տեսանյութ: Տեսակետ կա, որ ուժային կառույցներն են այն տրամադրել Գյումրիի քաղաքապետին, եւ նա էլ դա հրապարակել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից, ի պատասխան` Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը հայտնեց. «Չկա նման բան, տեղեկատվությունը աբսուրդի հասնող տեղեկատվություն է»:
Հուսանք, հայրենի իրավապահ համակարգի նոր ներկայացուցիչները կքննեն իրավիճակը՝ բացառելու համար գործարարների ազդեցությունը ուժայինների վրա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԻՇԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանության աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Մինասյանը 2018 թ. օգոստոսի 22-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել, որ դատարանը ստիպի ՀՀ ոստիկանությանն անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում: Ի դեպ, տեղեկացանք, որ Գագիկ Մինասյանը 2014 թ. հունիսի 5-ից զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն 2015 թ. մայիսի 13-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Ուսումնասիրելով վերջինիս կենսագրությունը` նկատում ենք, որ նա բավականին լուրջ պաշտոններ է զբաղեցրել, մասնավորապես 2000-2001թթ. եղել է ՀՀ ՆԳՆ շտաբի պետի տեղակալ-կազմվերլուծական վարչության պետ, 2001-2002թթ. եղել է ՀՀ ՆԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ, 2003-2014թթ. եղել է ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետ:
Միայն թե, հետաքրքիր է փաստը, որ Մինասյանն ահա իր ազատումից երեք տարի անց է բացահայտել, որ ապօրինի է ազատվել պաշտոնից եւ հիմա է որոշել դիմել դատարան` վերականգնելու իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Գեւորգ Մինասյանը հայտնեց, որ դեռեւս երեք տարի առաջ նրան հայտնել են, որ քեզ աշխատանքից հեռացնում ենք, քանի որ քո զբաղեցրած պաշտոնի հաստիքը կրճատվում է, եւ նա չստուգելով այդ հանգամանքը` ազատվում է, սակայն ավելի ուշ համապատասխան մարմիններ հարցում է ուղարկել, ինչի արդյունքում պարզել է, որ այդ հաստիքները երբեւէ չեն էլ կրճատվել, եւ հիմա նա դիմելով դատարան` պահանջում է վերականգնել իր իրավունքները:

 

ՆՈՐ ԲՈՂՈՔ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն աշխատում են վճռաբեկ բողոք պատրաստելու ուղղությամբ. բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից եւս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել:

 

 

ԱԶԱՏՎԵՑ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Նշենք, որ Պողոսյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ կրկին Օսիպյանի հրամանով:

 

 

ՋՐԱՅԻՆ ՄԱՖԻԱ
Կառավարությունն արդեն 1.5 ամիս է` քննարկում է ոռոգման համակարգում ստեղծված իրավիճակը: Ինչպես գործադիրի նիստում երեկ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական դիրքորոշում կար, որպեսզի Սեւանա լճից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա: «Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների, այդ թվում` կազմակերպչական, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում են սիրում շրջանառել, ՀՀ-ում ջրային մաֆիայի գոյությունը: Միանշանակ է, որ այդ ջրային մաֆիան, եթե գոյություն ունի, պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»,- ասաց վարչապետը: Նա տեղեկացրել է, որ կստեղծվի օպերատիվ խումբ, որը կուսումնասիրի իրավիճակը եւ խնդիրները կկառավարի այնպես, որ, եթե կա գործնական հնարավորություն սեզոնը փակել առանց հավելյալ 40 մլն խմ ջրառի, դա իրականացվի, իսկ եթե պարզվի, որ գյուղատնտեսական բերքը ոչնչանում է, ջուրն ապահովվի, եւ գյուղատնտեսական աղետ չլինի:

 

 

ԾԱՆՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած հանրային քննարկմանը, որը վերաբերում է Քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց՝ նախատեսված փոփոխություններով բազմաթիվ հանցագործություններ ծանր հանցագործությունների շարքին են դասվում, այնինչ` նախկինում դրանք միջին հանցագործությունների շարքում էին: Նա նշեց, որ կարգավորումների համաձայն՝ այսուհետ իրավապահ մարմինները կարող են օգտագործել օպերատիվ հետախուզական իրենց գործառույթները՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: «Բայց մեր հույսն այն է, որ իրավապահները մնան անգործ, որ հասարակությունն այնքան հասունացած լինի, որ գործը չհասնի իրավապահներին»,- ասաց նա

 

 

ԱՌԱՆՑ ԹՎԵՐԻ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ հայտնել է եկամտահարկի նվազեցման 8-9 սցենարների քննարկման մասին: Նա չի շտապել բացահայտել սցենարաները, ապա հավելել է, որ ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացման հարց դեռեւս չի քննարկվում: Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, Դավիթ Անանյանն ասել է, որ ստվերային տնտեսության գնահատական է տրվում ՊԵԿ-ի ներքին ռեսուրսներով, աշխատանքային խումբ է ձեւավորվել եւ առաջին անգամ ոլորտային ստվեր են գնահատում: Հարցին` կարո՞ղ է թիվ նշել, թե, ի վերջո, ՀՀ տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերում, Դավիթ Անանյանն ասել է. «Իհարկե ոչ: Դա այնպես չէ, որ մեկ կամ երկու ամսում հնարավոր է գնահատել, աշխատանքային խումբն աշխատում է, քննարկում է մեթոդաբանությունը, նախնական տեղեկատվություն չեմ կարող տալ: Մենք ստվերի գնահատական պետք է տանք գործունեության 20 խմբավորումներով»:

 

 

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում: Պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի` 55.120.792 դրամ արժողությամբ ձկան պահածոյի, 5.352.000 դրամ արժողությամբ տոմատի մածուկի, 99.486.900 դրամ արժողությամբ տավարի մսի պահածոյի, 95.100.000 դրամ արժողությամբ խտացված կաթի բաղադրությունները չեն համապատասխանել նորմատիվ փաստաթղթերով սահմանված սննդի չափանիշներին:




Լրահոս