Հայաստանի նախորդ եւ ներկայիս կառավարությունները թեեւ խոսում են տնտեսական աճի մասին, բայց ՀՀ քաղաքացին այդպես էլ այն չի զգում իր մաշկի վրա: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստանում է` հաջորդ տարում ՀՀ քաղաքացին կզգա էական բարեփոխում: Նա նաեւ նախօրեին խոսեց տնտեսական քաղաքականության մոդելի մասին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:
-Պարո՛ն Առաքելյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հայտնի հարցազրույցում նման հարցադրում է հնչեցրել. «Փաշինյանը ո՞նց է վերաբերվելու բիզնեսին, սպեցնազո՞վ է ստուգումներ անելու, թե՞ ցիվիլ տարբերակով»: Հիմա ինչպե՞ս եք անցկացնելու այդ ստուգումները` սպեցնազո՞վ, թե՞ ցիվիլ տարբերակով:
-Հայաստանում բոլոր ստուգումները, ոչ միայն ստուգումները, իրականացվում են բացառապես օրենքով եւ ոչ թե այն աշխատաոճով, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ուղեկցել է բիզնեսին: Դրանք այլեւս պատմություն են: Օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ կախված տեղի ունեցող իրադարձություններից, հանցագործություններից, խախտումներից, օրենքը ամբողջ խստությամբ կիրառվելու է: Հետեւաբար ընտրությունը ոչ թե պետական պաշտոնյաներն են կատարում, այլ բացառապես օրենքը:
-Ի վերջո, տնտեսական հեղափոխության պտուղները ե՞րբ կզգանք:
-Արդեն այս պահին, կառավարության գործունեության առաջին օրից սկսած` ձեւավորվել է տնտեսության համար բարենպաստ միջավայր, մասնավորապես կոռուպցիան, որը տարիներ շարունակ տնտեսության անբաժանելի մասն է եղել, այլեւս չկա: Եւ տնտեսության մեջ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, եւ կառավարությունը նաեւ ողջունում է զբաղված ձեռնարկատիրական գործունեությամբ ազատ շուկայական տնտեսության պայմաններում: Միեւնույն ժամանակ, այո, կան դեռեւս բազմաթիվ խնդիրներ. անհրաժեշտություն է նաեւ ստեղծել տնտեսական այնպիսի միջավայր, որը, ի վերջո, կապահովի նաեւ հասարակության բարեկեցությունը: Այժմ արդեն որոշակի քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ եւ համոզված եմ արդեն, որ հաջորդ տարվանից հասարակության ահռելի հատվածի մոտ տեղի կունենան էական փոփոխություններ:
-Կառավարության հրապարակած պաշտոնական թվերով տնտեսության աճ կա, բայց արդյո՞ք մարդը դա զգում է իր վրա:
-Մեզ ոչ միայն պետք է տնտեսական աճ, այլեւ տնտեսական զարգացում: Այսինքն` մենք տնտեսության այնպիսի աճ պետք է ունենանք, որն առավելագույն թվով քաղաքացիների կյանքում կապահովի բարեկեցություն: Եւ կառավարության քայլերը ուղղված են հենց այդ ուղղությամբ. կունենանք տնտեսության այնպիսի կառուցվածք եւ այնպիսի միջավայր, որտեղ առավելագույն թվով մասնակիցներ կկարողանան ներգրավել, հետեւաբար նաեւ ապահովել իրենց բարեկեցությունը:
-Պարո՛ն Առաքելյան, նախկին իշխանություններն էլ էին ասում, որ տնտեսական աճ կա, բայց այդպես էլ քաղաքացին չզգաց իր մաշկի վրա… Ռ. Քոչարյանը նաեւ իր հարցազրույցում կանխատեսեց, որ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ ժամանակ կլսենք ժողովրդին…
-Արդեն հաջորդ տարվանից քաղաքացիները կզգան էական բարեփոխում, մասնավորապես նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում, հարկային օրենսգրքում տեղի ունեցող փոփոխությունների շնորհիվ եկամտային հարկի նվազեցում, ինչի արդյունքում քաղաքացիների տնօրինվող աշխատավարձը կբարձրացվի: Եւ բազմաթիվ այլ ոլորտներում տեղի ունեցող դրական փոփոխությունները, նաեւ ֆինանսապես կանդրադառնան հասարակության բարեկեցության վրա, եւ որեւիցե մտահոգություն, որ հաջորդ տարի հասարակության կյանքում բան չի փոխվելու, ամենեւին տեղին չէ:
-Վիճակագրական տվյալները նախկին իշխանությունների օրոք միշտ կասկածի տակ են դրվել, բայց կարծես թե հաշվարկի մեթոդաբանությունը նույնն է մնացել, անգամ հաշվողներն են նույն մարդիկ: Դուք տարիներ շարունակ քննադատաբար եք վերաբերվել այդ տվյալներին: Հիմա ինչպե՞ս վստահենք այս իշխանության օրոք հրապարակվող թվերին:
-Կարծում եմ` նոր իշխանությունների գործունեությամբ ապացուցվել է իր արդար եւ օրենքի շրջանակներում գործելաոճը: Դա վերաբերում է ոչ միայն վիճակագրական, այլ նաեւ ամբողջ գործունեությանը: Շարքային կառավարության նպատակը վիճակագրական թվերը չեն, ամենեւին: Կառավարության նպատակը հասարկության բարեկեցությունն է: Իսկ եթե խոսենք վիճակագրական տվյալներով, ապա գլխավոր ցուցանիշը արտագաղթն է, որը երկար տարիներ եղել է: Եթե նույնիսկ նախորդ կառավարությունների գործունեության արդյունքում հայտարարվել է տնտեսական աճ, սակայն դրա կողքին մենք միշտ ունեցել ենք արտագաղթի` տարեցտարի ավելացող տվյալներ, որը տնտեսության եւ նաեւ կառավարության գործունեության գլխավոր ցուցիչն է եղել: Այդ տեսանկյունից կառավարության գործունեությունը ուղղված է դրան, որ ՀՀ քաղաքացին իրեն ապահով եւ բարեկեցիկ զգա Հայաստանում, եւ այն քաղաքացիները, որոնք ստիպված լքել են հայրենիքը, վերադառնան, իրենց աշխատանքը եւ գործունեությունը շարունակեն Հայաստանում: Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին նշեց` այդ ուղղությամբ ունենք դրական միտումներ եւ համոզված ենք, որ այս տարվա տվյալներով կունենանք բավականին բարենպաստ ցուցանիշ, ինչը նաեւ հանդիսանում է գլխավոր վիճակագրությունը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱՆԻՈՒՄ Ո՛Չ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ
Շիրակի մարզի Անի համայնքում ոչ են ասում համայնքապետ Արտակ Գեւորգյանին: Արդեն երկրորդ օրն է` ցուցարարները համայնքապետարանի դիմաց պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Վերջիններս պնդում են, որ դժգոհ են համայնքի ղեկավարի աշխատանիքից. «Ո՛չ լուսավորությունն է նորմալ, ո՛չ աղբահանությունը, Արտակ Գեւորգյանը չի կարողանում զարգացնել մեր քաղաքը: Մենք մինչեւ վերջ պահանջելու ենք, որ նա հրաժահարական տա»,-ասում է ցուցարարներից մեկը:
Ցուցարարներն անգամ փողոցն են փորձել փակել, ինչը թույլ չեն տվել ոստիկանության աշխատակիցները: «Ժողովուրդ» թերթը նախկինում անդրադարձել էր այն հարցին, որ Անիում դժգոհ են ղեկավարից, մարզպետ Կարեն Սարուխանյանի նշանակվելուց հետո էլ լուրերն ակտիվացան այն մասին, որ հաջորդ պաշտոնաթող պաշտոնյան Անի համայնքի ղեկավարն է լինելու: Այժմ էլ շրջանառվող լուրերը հետզհետե իրականության են վերածվում: Շիրակի մարզպետն այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ցուցարարների պահանջին, պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է պարզաբանում տամ: ԶԼՄ-ներից եմ իմացել, երեկ մի պահ աչքիս ընկավ, տեղյակ չեմ անկեղծ ասած»: Այն հարցին, թե որպես մարզպետ` արդյո՞ք տեղյակ չէ` ինչ է կատարվում իր մարզում, մարզպետ Սարուխանյանն հավելեց. «Խոսել եմ ոստիկանապետի հետ, ներկայացրել են, որ վերահսկվում է ամեն ինչ, որ պահպանվի օրենքը: Ժողովրդի բողոքը, ինչքան տեղյակ եմ, գործող համայնքապետից է: Մեկը անձնական խնդրով է եկել, մեկը` քաղաքական: Եթե առողջ հավաք է, ապա դա քաղաքացիների իրավունքն է: Պետք է պահպանել օրենքի տարրը եւ վերջ»,-ասաց մարզպետ Սարուխանյանը:
Թեեւ մարզպետը վստահեցնում էր, որ տեղյակ չէ` ինչ է կատարվում իր մարզում, սակայն ըստ շրջանառվող լուրերի` ցուցարարներից շատերը մտերիմ հարաբերությունների մեջ են Կարեն Սարուխանյանի հետ:
Արտակ Գեւորգյանը բողոքները անհիմն է որակում. «Բոլոր ժամանակների ընտրություններին ինձ հետ ընտրապայքարի դուրս եկած գործիչներն են ինձ դեմ դուրս եկել: Բոլոր ժամանակների թալանչիները, որոնք բոլոր ժամանակներում վնաս են տվել թե՛ համայնքին, թե՛ բնակչությանը, մտածում են` այս պրոցեսներում կարողանան ինչ-որ բան ձեռք բերեն: Նման բան չի լինելու, մենք տեր ենք կանգնելու մեր քվեին», -ասաց համայնքի ղեկավարը:
Արտակ Գեւորգյանի կողմնակիցները եւս հանրահավաքով հանդես կգան:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի