ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ ՇԵՆՔԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ՎՏԱՆԳԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ճարտարապետներն ու պարզապես Երեւանի քաղաքացիներն ահազանգեցին, որ Աբովյան 32 հասցեում գտնվող Պրոֆեսորների շենքը, որն ընդգրկված է ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես տեղական նշանակության հուշարձան, վտանգված է։

Բանն այն է, որ շենքում իրականացվում էր թիվ 17 բնակարանի նոր մուտքի բացում. տեղի էր ունենում հուշարձանի փոփոխում։ Բնակիչները հերթական անգամ ստիպված էին պայքարել, որ բնակելի շենքը չդառնար բիզնես կենտրոն։ Չունենալով բնակիչների համաձայնությունը՝ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը շինարարություն էր սկսել՝ շենքի դիմային մասից նոր մուտք բացելու եւ հետագայում բնակարանը բիզնես նպատակով օգտագործելու համար։ Մշակույթի նախարարությունը դադարեցրել էր շինարարական աշխատանքները եւ ուսումնասիրում էր փաստաթղթերի ընթացակարգը։
Հիշեցնենք, որ համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների քանդումն արգելվում է։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց՝ ինչ փուլում են աշխատանքները, եւ ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել գերատեսչությունը հուշարձանը պահպանելու ուղղությամբ։ Նա մեզ տեղեկացրեց, որ ոստիկանության հետ համատեղ դադարեցրել են թիվ 17 բնակարանի մուտքի բացման աշխատանքները, միեւնույն ժամանակ հուշարձանի փոփոխման հարցով մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ որպես շահագրգիռ մարմնի՝ պարզելու՝ խախտվել են արդյո՞ք քաղաքաշինական, նորմատիվատեխնիկական նորմերը, թե ոչ: «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը 2018-ի հուլիսի 31-ին դիմել է Երեւան քաղաքի ոստիկանություն՝ աշխատանքները չշարունակելու պահանջով։ Դրանք դադարեցված են եւ կարող են շարունակվել միայն սահմանված կարգով՝ շահագրգիռ գերատեսչությունների (ՀՀ քաղաքաշինության եւ կադաստրի կոմիտեներ) եզրակացությունների, որից հետո՝ տարածքային կառավարման թույլտվության դեպքում։ Սակայն, նախնական տվյալներով, աշխատանքներ իրականացնելու համար բավարար հիմքեր չկան։ Մեր տեղեկությամբ՝ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել 2018-ի մայիսի 3-ին տրված շինարարության թույլտվությունը»,-ասված է փոխնախարարի պատասխանում։
Նա նաեւ հաղորդել է, որ փաստաթղթերի ընթացակարգի ուսումնասիրության համաձայն` շահագրգիռ մարմինների կարծիքները եւ տարածքային կառավարման նախարարության թույլտվություններն առկա չեն։ Հարցին, թե, ի վերջո, հուշարձանին որեւէ վտանգ սպառնում է, թե ոչ, փոխնախարարը պատասխանել է. «Հուշարձանի փոփոխման որեւէ վտանգ չի սպառնում»։
Նշենք, որ Աբովյան 32 հասցեում գտնվող Պրոֆեսորների շենքը կառուցվել է 1934 թվականին անվանի ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծով։ Շենքում ապրել եւ ստեղծագործել են ՀՀ մշակույթի, գիտության, պետական ականավոր գործիչներ, այդ թվում՝ Ազգային պատկերասրահի հիմնադիր, արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, անվանի լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, հայտնի վիրաբույժ Համբարձում Քեչեկը, հայ արվեստի դասականներ Գաբրիել Գյուրջյանը, Սեդրակ Առաքելյանը, Փանոս Թերլեմեզյանը, գրողներ Ստեփան Զորյանը, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, երգչուհի Հայկանուշ Դանիելյանը, կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը եւ այլք։

 

 

 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԹՐԵՆԴՆԵՐԸ

Շուտով աշուն է, ու ժամանակն է պահարանները լցնել այդ սեզոնին հարմար զգեստներով եւ աքսեսուարներով: Այդ հարցում մեզ կարող են օգնել ոճաբանի խորհուրդները: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Արայիկ Գաբաջյանի հետ:

-Արայի՛կ, այս տարվա աշնանային նորաձեւությունն ի՞նչ է թելադրում, ի՞նչ հիմնական միտումներ եք նկատում: Նախորդ տարվա հետ համեմատած՝ ի՞նչ է ավելացել եւ ի՞նչ՝ պակասել:
-Սովորաբար աշուն-ձմեռ հավաքածուները ներառում են ամառային թրենդներից որոշ տարրեր: Այս տարի եւս բացառություն չէ. հավաքածուներում նկատվում է գարուն-ամառ սեզոնի թրենդներից, սակայն թե՛ ձեւվածքի, թե՛ գործվածքի առումով ակցենտավորված է տաք շունչը: Իհարկե, նախորդ տարի աշնանային հավաքածուներում գույներն ավելի տաք էին, իսկ այս տարի դրանք համեմատաբար մեղմ են եւ աչքի չընկնող:
-Այս աշնանը ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր երանգների համադրությունները նորաձեւ կլինեն:
-Գույների առումով այս սեզոնը շատ հարուստ չէ: Առավել նորաձեւ են կանաչի, մուգ կարմիրի, կապույտի երանգները, որոնք համահունչ են աշնանային տրամադրությանը եւ նույնիսկ աստիճանաբար տրամադրում են ձմռանը:
-Ի՞նչ մատերիալի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները, ո՞ր կտորներն են ակտուալ լինելու այս աշնանը:
-Ինչպես նախորդ տարի, նորաձեւ են բրդյա գործվածքները, որոնց գալիս են լրացնելու նուրբ, երբեմն ասեղնագործ գործվածքները: Բավական ակտուալ են պիջակները, անձրեւապաշտպան զգեստները՝ կարված ջրից չթրջվող արհեստական հումքից:
-Ի՞նչ ոճի տաբատներ, կիսատաբատներ, շրջազգեստներ եւ զգեստներ, վերնաշապիկներ ու բլուզներ խորհուրդ կտաք կրել:
-Այս աշնանը մեծ տարածում ունեն նուրբ բլուզները, որոնց վրայից կրում են պիջակներ, կարճ ֆիգարոներ: Նորաձեւ են երկար կիսաշրջազգեստները, որոնց մի մասը ծնկներից սկսած՝ դառնում են թափանցիկ: Ի զարմանս ինձ՝ մոդայիկ են նաեւ շղթաներով զարդարված ջինսերը, որոնք ակտուալ էին 1996-ին, չնայած մինչեւ վերջերս ամերիկահայերը կրում էին դրանք: Դասական տաբատներից աչքի են ընկնում նեղ մոդելները, որոնք կողքի հատվածից ունեն տարբերվող գույնի գիծ: Վերնաշապիկներից նորաձեւ են լայն թեւերով եւ լայն օձիքով մոդելները:
-Իսկ ինչպիսի՞ կոշիկներ կրել այս աշնանը, ո՞ր մոդելներն են խրախուսվում ոճաբանների կողմից:
-Մոդայիկ են երկարաճիտ կոշիկների գրեթե բոլոր մոդելները: Շատ մեծ մասսայականություն են վայելում սրածայր կոշիկները, որոնք ակտուալ էին նաեւ ամռանը: Նորաձեւ են bootford-ները՝ կտորի, փայլուն քարերի համադրությամբ:
-Գլխարկների, պայուսակների, ակնոցների եւ մյուս աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում այս աշունը:
-Գլխարկների առումով շատ նորություններ չկան, քանի որ բավական ակտուալ են հյուսքերը: Նորաձեւության բոլոր տները խորհուրդ են տալիս օգատգործել հյուսքեր, ընդ որում՝ մեծ ծավալի: Աչքի են ընկնում տարբեր ֆորմաների պայուսակներ, այդ թվում՝ բրդից կարված: Ակնոցների շրջանում եւս շատ նորություններ չկան, հիմնականում կրկնվում են ամառային մուգ ապակիներով մոդելները:
-Մի փոքր էլ զարդերից խոսենք: Կա՞ն նորույթներ:
-Հաճելի է, որ աշնանային հավաքածուներում զարդերն ակնհայտորեն ակցենտավորված են: Նորաձեւ են մեծ ապակիներով, բրդյա թելերով,տարբեր գույնի մետաղներից պատրաստված վզնոցները, ականջին կիպ կպած օղերը, լայն, կախված ականջօղերը: Ինչ վերաբերում է մատանիներին, ապա մոդայիկ է մեկ մատին կրել երկու կամ երեք մատանի, որոնք միմյանց հետ կապվում են շղթաներով եւ թելերով:
-Եվ վերջում, աշնանն ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս:
-Նախ այդ սեզոնին բոլորը պետք է հետեւեն իրենց մաշկի փափկությանը, պետք է օգտագործեն խնամքի ճիշտ պարագաներ, կարող են կրել անձրեւանոց, որը կհաղորդի յուրահատուկ տեսք: Ցանկալի է կրել նաեւ շարֆեր: Իսկ ամենակարեւորը՝ անցումային այս սեզոնին, որքան էլ հետեւելու լինենք նորաձեւության միտումներին, հարկավոր է տաք հագնվել՝ առողջությունը պահպանելու համար:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության երրորդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» սեփական խաղադաշտում 4:3 հաշվով հաղթել է «Էտելբրուկին»: Դաշտի տերերի չորրորդ գոլը 63-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում 30-ամյա Կարապետյանը 22 խաղում դարձել էր 28 գոլի հեղինակ եւ երկրորդ տեղը գրավել ռմբարկուների ցուցակում: Նրան գերազանցել էր միայն չեմպիոնի տիտղոսը նվաճած «Դյուդելանժի» հարձակվող Դավիդ Տուրպելին, որը խփել էր 30 գոլ:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցանկանում է, որ «հայկական Թվիթերն» իր կնոջը` ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին, սովորեցնի «հայկական ցտեսության» գաղափարը: Այս կերպ Օհանյանն արձագանքել է Ուիլյամսի այն գրառմանը, որով ինքը դժգոհել է այն մարդկանցից, ովքեր հեռախոսով խոսելիս հրաժեշտ են տալիս եւ 10 րոպե անց դեռ շարունակում են խոսել: Ալեքսիսը բացատրել է, որ դա «գիտականորեն ապացուցված» «հայկական ցտեսությունն» է, եւ գրառմանը կցել է նաեւ այդ արտահայտության բառարանային բացատրությունը: «Հայկական ցտեսությունն» այն է, երբ մի խումբ հայ ընկերներ կամ ընտանիքի անդամներ միմյանց հրաժեշտ են տալիս, բայց դա շատ երկար ժամանակ է խլում: Այս մարդիկ կարող են նույն մարդուն նույնիսկ երկու կամ երեք անգամ ցտեսություն ասել նախքան իսկապես հեռանալը»,- Urban Dictionary-ն այսպես է բացատրում է «Հայկական ցտեսություն» արտահայտությունը:

 

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծում է, որ այլեւս իմաստ չունի համեմատելու կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիին եւ Կրիշտիանու Ռոնալդուին, որը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»:
«Ռոնալդուի տեղափոխությունը նշանակում է, որ նրա եւ Մեսսիի մրցակցությունն ավարտված է: Նախկինում այս ֆուտբոլիստներից մեկի անունը տալիս անմիջապես մյուսին էիր հիշում, բայց այդ ամենն արդեն անցյալում կմնա»,-ասել է նա:




Լրահոս