ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Բաղրամյան փողոցում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում

Այս գրության մեջ այնքան բարկություն կա, որ «փակեք» բառը գրվել է «գ» տառով։ Դուռն էլ զայրույթի արդյունքում դարձել է անտեր։ Գուցե աշխատո՞ղ տարբերակ է։

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ պարբերականությամբ կարելի է հաճախել եկեղեցի: Կա՞ն եկեղեցի այցելելու հատուկ օրեր։

Երանուհի Հայրապետյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցին, որպես Աստծո տուն եւ աղոթքի տուն, առանձնական աղոթքից բացի` կատարում է նաեւ ընդհանրական աղոթքներ: Իհարկե, մաքուր սրտով ու հոգու ամբողջ զորությամբ կարելի է աղոթել ամենուր եւ ամեն ժամ, միայն թե քրիստոնյայի համար պարտադիր է հաղորդակից լինել եկեղեցու խորհուրդներին, ընդհանրական աղոթքներին եւ մասնակցել Ս. Պատարագներին:
Խորհուրդները, որոնք կատարվում են եկեղեցում, քրիստոնյայի ճշմարիտ կյանքի անբաժան եւ կարեւորագույն մասն են կազմում: Մեր առօրյան հագեցած է աշխարհիկ գործերով ու մտահոգություններով: Ամեն օր սնում եւ հոգ ենք տանում մարմնի մասին, հոգու պահանջները մոռացած՝ մարմնի պահանջներն ենք բավարարում:
Հարկավոր է հաճախակի այցելել եկեղեցի, մասնակցություն բերել Ս. Պատարագներին, ընդհանրական աղոթքներին (ամեն օր, առավոտյան եւ երեկոյան եկեղեցիներում կատարվում են ժամերգություններ), լիարժեքորեն ներգրավվել եկեղեցու հոգեւոր կյանքի մեջ:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատշաճ է եկեղեցուց դուրս գալ դեմքով դեպի Խորանը խաչակնքումով, քանի որ Խորանն Աստծո բնակավայրն է, եւ վայել չէ մեջքով դարձած հեռանալ Աստծո տնից:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն։ Ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչն է հիմք հանդիսանում անժամկետ հաշմանդամություն ձեռք բերելու համար։

Սուսաննա Մարգարյան (59 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարգարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 1-ին խմբի հաշմանդամներին եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով: Վերոնշյալ չափանիշներով պայմանավորված` անձին կարող է սահմանվել անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչեւ 18 տարին լրանալը:




Լրահոս