Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:
Վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական և բիզնես կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նշված ուղղություններով կապերի ամրապնդմամբ ու այդ համատեքստում կարևորել նմանատիպ փոխայցերի հաճախակի կազմակերպումը:
Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների, միջոցառումների վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակել ՏՏ ոլորտում փոխգործակցության խթանմանն ուղղված հնարավոր նախաձեռնություններին: