Հետաքրքիր վիճակ արտաքին քաղաքականությունում. Փաշինյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական իրադարձություններին, բավական հետաքրքիր վիճակ է ստեղծվել արտաքին քաղաքականության ոլորտում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ այցից հետո հայտարարել էր, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու: Միաժամանակ, նա շեշտել էր, թե դա բացառապես հումանիտար ծրագիր է եւ որ ռազմական բաղադրիչ իր մեջ չի պարունակում: Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը:

Հիմա նրա այս հայտարարությունները եւ ՀՀ իշխանությունների քայլերը տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել:

Հայտնի փաստ է, թե Սիրիայի խնդրի պատճառով ինչ արված են ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունները: Սիրիան, առանց չափազանցնելու, դարձել է երկրագնդի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ բախվում են գերտերությունները: Ըստ այդմ, Սիրիայի խնդրի վերաբերյալ ցանկացած դիրքորոշում կարող է դիտվել կողմերից որեւէ մեկի դեմ ուղղված: Այս իրավիճակում ՀՀ-ի կողմից ՌԴ-ի հետ համատեղ հումանիտար ծրագրի իրականացումը եւս մեկնաբանվում է, թե հաճելի չէ արեւմուտքին: Այդ առումով հատկապես ակտիվ են նախկին իշխանության՝ ՀՀԿ ներկայացուցիչներն ու նրանց վերլուծաբանները:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս ամենին հանգիստ է վերաբերվում: Ավելին, իշխանությունները պնդում են հումանիտար կոնտեքստում գործելու մասին: «Սիրիայում բնակվող հայերի անվտանգության խնդիրը մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է», – երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը եւ հավելել,- «Այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում ենք եւ աշխատում ենք նաեւ մեր գործընկերների հետ: Գիտեք, որ այս հարցում նախկինում եւս Ռուսաստանի Դաշնությունը օգտակար է եղել, որպեսզի մենք կարողանանք ֆիզիկապես հասցնել հումանիտար օգնությունը այնտեղ: Այս դեպքում եւս մենք աշխատելու ենք միասին, որպեսզի կարողանանք տեղում մեր ներդրումը ունենալ խիստ անվտանգության հումանիտար կոնտեքստում», – ասաց Մնացականյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին մեկնաբանել է նախատեսված քայլերը` ընդգծելով, որ Սիրիա կգործուղվեն պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ Ըստ նախարարի, բնական է, որ ՊՆ մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով:

Հետեւաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ: «Հայ մասնագետները Սիրիայում կատարելու են բացառապես հումանիտար խնդիրներ մարտական գործողություններից դուրս տարածքներում, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում:

Նույնիսկ ականազերծողների պարագայում խոսքը գնում է ոչ թե զինվորական սակրավորների, այլ հումանիտար ականազերծման մասին, իսկ դրանք մասնագիտական առումով լրիվ տարբեր բաներ են: Կարծում եմ՝ թյուրըմբռնման պատճառն այն է, որ ուշադրություն է դարձվում ոչ թե գործուղման խնդրի եւ գործուղվողների կարգավիճակի, այլ զուտ նրանց զինվորական լինելու հանգամանքի վրա»,- ասել է նա:

Լուսինե Մինասյան




Լրահոս