Վերջին օրերին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի ռազմական հենակետերից պարբերաբար գնդակոծել է Նոյեմբերյանի շրջանի պաշտպանական դիրքերը, նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը` Կոթին, Ոսկեվանը, Բաղանիսը: Սեպտեմբերի 2-ին` ժամը 19-ից, Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի սահմանագոտում եղել են ադրբեջանական կրակոցներ:
Այդ կրակոցների հետեւանքով Ոսկեվան գյուղի սահմանագոտում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը լուսածիր գնդակներով կրակել է Բաղանիս գյուղի վրա, որոնք գյուղին վնաս չեն պատճառել: Սահմանամերձ Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 2-ի երեկոյան` ժամը 20-ից 21-ի սահմաններում, շուրջ կես ժամ տեւողությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կոթիի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա: Բարեբախտաբար, վնասներ չկան:
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի լույս 9-ի գիշերը` 00.15-ից մինչեւ 00.30-ը, հրաձգային զենքերից գնդակոծել է Բաղանիս գյուղը, գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Գնդակները մի քանի տեղից վնասել են Բաղանիսի բնակիչ Թաթուլ Բեգլարյանի ջերմոցի ծածկը: Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները ստիպված են եղել որոշ ժամանակ երթեւեկել սահմանագոտին շրջանցող ճանապարհով:
Ոսկեվան գյուղի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Ոսկեվանի ներքին հատվածը, որը դիտարկվում է Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից: Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով վնասվել են Ոսկեվանի մի առանձնատան տանիքը, այլ առանձնատան պատերը, մեկ ուրիշ առանձնատան շեմքին գտնվող կենցաղային իրը: Սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչները լրագրողիս ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական զինուժը ամռան ամիսներին Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերի գնդակոծություն չէր անում, այն վերսկսել է աշնան սկզբից, երբ սկսվել է նոր ուսումնական տարին, դպրոցական բոլոր երեխաները սահմանամերձ գյուղերում են գտնվում:
Այդ կերպ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է սահմանագոտու բնակչությանը ստիպել տագնապել իրենց դպրոցահասակ երեխաների համար, որպեսզի ծնողները հարկադրված լինեն երեխաներին տեղափոխել թիկունքի անվտանգ բնակավայրեր: Իսկ երեխաների տեղափոխությանը կհետեւի նրանց ծնողների վերաբնակվելն այլ վայրեր: Ադրբեջանը փորձում է այդ կերպ խթանել արտագաղթը Տավուշի սահմանագոտուց:
Ոսկան Սարգսյան