Արդեն 12 օր է, ինչ ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար գնդակոծվում է: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց Բաղանիսի վարչական ներկայացուցիչ Նարեկ Սահակյանը: Նրա խոսքերով, ոչ միայն գյուղն է գնդակոծվում, այլ` միջպետական ճանապարհի հարակից հատվածը:
«Երեկ երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում կրակոցներ են եղել, տեւել է 5-7 րոպե: Էական վնասներ եւ տուժածներ չկան: Բայց սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական կողմի ակտիվությունը նկատվում է»,- նկատեց Նարեկ Սահակյանը: Ի դեպ, Նարեկ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ կրակոցներից վնասվել է գյուղացիներից մի քանիսի տները, ցելոֆան է պատռվել. «Տան պատի է կպել, աստիճաններին»: Վարչական ներկայացուցչի խոսքերով, այս տարվա ապրիլից սկսած մինչեւ սեպտեմբեր ամեն ինչ հանգիստ էր. հրադադարի ռեժիմ չի խախտվել եւ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել: ArmLur.am-ը պարզեց նաեւ, որ օրեր առաջ գնդակոծվել են նաեւ Կոթի եւ Ոսկեվան գյուղերը: