Հաղորդում հանցագործության մասին. «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցները բռնության են ենթարկվել Շատինում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել Վայոց ձորի մարզի խոշորացված Շատին համայնքում:

2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Ու չհաշտվելով իր պարտության հետ` տեւական ժամանակ է՝ նրա կողմնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում: Հիմա էլ ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել է համայնքապետարանը՝ պարալիզացնելով համայնքի աշխատանքները: Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում:

Մեր թերթի երկու աշխատակիցներն իրավիճակին ծանոթանալու համար այցելել էին Շատինի համայնքապետարան: Արձանագրեցինք, թե ինչպես են բնակիչները բեռնատար մեքենայով փակել համայնքապետարանի բակը, համայնքապետարանի աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա դռանը: Այստեղ էլ տեղի է ունեցել ողջ միջադեպը. բնակիչներից մի քանիսը հարձակվել են մեր թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել: Նրանց անունները հայտնի է՝ Շիրակ Հարունյան, Նվեր Հովհաննիսյան, Զվարթ Սմբատյան, Ժաննա Խուդոյան, Գեղանուշ Եղոյան: Թե ով այդ միջադեպին ինչ մասնակցություն է ունեցել, մանրամասն ներկայացված է 4-րդ էջի հրապարակման մեջ:

Մինչ այդ, արձանագրենք` Շատինում ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն իշխանություններն են՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Արագած Սաղաթելյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը: Եւ նրանք, ըստ էության, պարտավոր են լուծել իրավիճակը: Նաեւ իրավապահները պետք է մեր այս հրապարակումն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատժեն «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս