Մարտի 1-ի հետքերով. պաշտոնյաները հակասում են միմյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած ներքաղաքական գործընթացներում, ապա մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության թեմայի շուրջ քննարկումներում պաշտոնյաները սկսել են միմյանց հակասել:

Ինչպես հայտի է, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով մարտի 1-ին զինված ուժերի ներգրավվումը ներքաղաքական գործընթացներին որակվել է որպես սահմանադրական կարգի խախտում:

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլեւ կրակել մարդկանց, բնակարանների ուղղությամբ: Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել:

Նույն օրը` «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2008թ. հետընտրական իրադարաձություններին երկրի այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, եւ դա ապացուցված է: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ Մարտի 1-ին բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել եւ բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաեւ ավտոմատներ:

Երեկ այս թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` իր հերթին հաստատելով բանակի ներգրավվածությոնը մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է»,- ասել է նա՝ հավելելով, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալը: «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում՝ իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավելի ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,- նշել է Տոնոյանը:

Մինչդեռ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններին երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերքել է ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի ու ՀՔԾ պետի հայտարարությունները:

«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել»,- ասել է Դավթյանը, որ 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Ըստ նրա՝ «Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»: Նա նաեւ նշել է, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով: «Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- պնդել է Դավթյանը:

Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՀՔԾ պետի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խոսքերում հակասությունների վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ: «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի յուրաքանչյուր բառի տակ կան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգին համապատասխան ձեռք բերված հավաստի ապացույցներ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս