Մայրաքաղաք Երեւանում նախընտրական քարոզարշավի ակտիվ շրջան է: Թեկնածուները աղբակույտերի վրա, շուրջ եւ շրջանակում քարոզում են ընտրել իրենց: Առանձնապես կրեատիվ մտքեր ու առաջարկներ չեն հնչել քարոզարշավի շրջանում: Ի՞նչ հետաքրքիր նրբերանգներ կան գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շրջանակներում զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանի հետ:
– Երկու օր է, ինչ Երեւանի քաղաքապետի (ավագանու) ընտրությունների քարոզարշավն է ընթանում, ուշադիր հետեւում եմ թեկնածուների ելույթներին եւ ծրագրերին եւ զարմանում:
– Ինչո՞ւ:
– Այսպիսի տպավորություն է մոտս, որ ոչ թե Երեւան քաղաքի, Հայաստանի մայրաքաղաքի, 2800 տարեկան քաղաքի քաղաքապետ ենք ընտրում, այլ ընտում ենք ամեն ինչի պետ, բացի քաղաքի` ժեկի պետ, լիֆտի պետ, աղբահանության պետ, ավտոբուսի պարիկի պետ եւ այլն:
– Իսկ ի՞նչի պետ ենք ընտրելու, ըստ ձեզ: Ի վերջո, այդ բոլոր գործառույթները մեկտեղված են մեկ պաշտոնի՝ քաղաքապետի լիազորությունների մեջ:
– Հարգելի՛ քաղաքական ուժեր եւ թեկնածուներ, Երեւան քաղաքի քաղաքապետը երկրորդ քաղաքական պաշտոնն է վարչապետի պաշտոնից հետո, եւ ես կցանկանայի լսել կամ կարդալ ձեր ծրագրերում քաղաքական որոշումներ պահանջող հարցերի մասին, ձեր պատկերացումները, որոնք վերջին տարիների ընթացքում կուտակվել են հանրային շահ, անձնական շահ, քաղաքական շահ, կյանքի շահ ձեւակեպմամբ:
– Որո՞նք են դրանք, ըստ ձեզ:
1. Կենտրոնից արտաքսված կամ արտագաղթված, կամ սեփականազրկված բնակիչներին վերադարձնելո՞ւ եք իրենց բնակարաններ կամ իրենց բնակատեղիում կառուցված շենքեր, որպեսզի վերականգնվի Երեւանի կենտրոնի համն ու հոտը: Եթե իրավական ճանապարհ կա, ապամոնտաժել բետոնակուռ բազմահարկերը այդ որոշումները ընդունողների եւ սեփականատերերի հաշվին, քանզի յուրաքանչյուր քաղաքի այցեքարտերից մեկը դա իր պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններն են բազում տարեկան, ոչ թե 10 տարեկան բետոնակուռ բարձրահարկերը:
2. Երրորդ մասի Սպանդարյան հրապարակը վերանվանել է Սպանդարյանի հրապարակ (20 տարի իշխանություն էիք, մի հատ հրապարակ կառուցեիք, Նժդեհի արձանն էլ դնեիք վրան, անունն էլ հետը): Մի փորձեք ջնջել իմ հիշողությունների մի մասը:
3. Երեւանի մշակույթի կենտրոններից շատերը շարունակելու են ղեկավարել անճաշակ խամաճիկնե՞րը, թե՞ Երեւանից վերանալու է բայաթին:
4. Տրամվայի գոնե մեկ գիծ վերականգնվե՞լու է Երեւանում, օրինակ, Խանջյան փողոցի հատվածը, որը կարող է ծառայել նաեւ որպես շարժական սրճարան:
5. Վերականգնվելո՞ւ է արդյոք Երիտասարդական պալատը, որը Երեւանի այցեքարտերից մեկն է եւ մեր ապրած տարիների ուղեկից ընկերը: Ողջ աշխարհում «эконом» կլասի հյուրանոցների պահանջը ավելի շատ է, քան բարձրակարգ: Եվ այսօր, երբ մեր հայրենակիցներին հարյուր-հազարավորները արտագաղթել են, Երեւան են այցելելում արդեն որպես զբոսաշրջիկ, համոզված եմ` նրանից շատերը կցանկանային հանգրվանել այդ կարգի հյուրանոցներում:
6. Վերադարձնելո՞ւ են թափված քարերը Հրազդանի կիրճում (քարերի սիմֆոնիան) իր տեղը (նաեւ Գառնիի ձորի թափված քարերը) նորելուկ քաղքենիների առանձնատներից ու ամառանոցներից:
7. Վերականգնելո՞ւ են արդյոք Խանջյան եւ Աբովյան փողոցների սալահատակները (վերադարձնելով վերը նշված տեղերից բուլիժնիկները):
8. Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսում ե՞ք Երեւանի (նաեւ Գյումրի եւ Վանաձոր) քաղաքապետի ուղղակի ընտրություն, թե շարունակելու են բոնուսներով նշանակել այսուհետ եւս:
Այլ առաջարկների համար ցանկը բաց է:
Զրուցեց Լիլիթ Ավետիսյանը