Որքանով կբարձրանան կենսաթոշակները և երբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսաթոշակը 2019-ի հունվարի 1-ից կբարձրանա Հայաստանում այլեւս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հարցերով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքերով` կառավարությունը անում է առավելագույնն ապահովելու թոշակառուների արժանապատիվ եւ բարեկեցիկ ծերությունը: Ըստ տնտեսագետի` 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60 տոկոսով` կազմելով 25 հազար 500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը:

Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախագիծ, որով առաջարկում է 2019-ի հունվարի 1-ից 60 տոկոսով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը:

ՀՀ կառավարությունը մտադիր է այս նախագծով հաղթահարել կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը: Ըստ սոցապ նախարարության` 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 հազար 394, որից` աշխատանքային կենսաթոշակառուներ` 463 հազար 69 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32 հազար 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ` 1905 անձ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23 հազար 313 դրամ եւ ամեն տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ: Այսինքն` ծայրահեղ աղքատության գծի չափով: Այսպիսով, առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք` նվազագույն կենսաթոշակի չափ:

Բացի այդ, առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Ըստ գործադիրի` այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը` թիրախավորելով ցածր կենսաթոշակները: Հուսանք` այս տարբերակը կօգնի թեթեւացնելու սոցիալական բեռը, ի վերջո, Հայաստանում այսօր ամենադժվար վիճակում հենց կենսաթոշակառուներն են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս