Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի և գործկոմի անդամների թեկնածուներին: Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Իսկ գործկոմի անդամների թեկնածուներին ուսումնասիրելիս հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում:
Օրինակ` ցանկում տեղ են գտել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը եւ այլք: Եվ ստացվում է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեն շարունակում է նախորդների պրակտիկան, երբ յուրաքանչյոր աշխատանք բաժին է հասնում յուրայիններին:
Եվ ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ եւս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ: Այն ժամանակ եւս ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում էին, օրինակ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ այլք: Այլ կերպ ասած` մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ, եւ երկու պարագայում էլ նրանցից շատերի միակ արժանիքը իշխանության կողքին կանգնած լինելն է:
Եվ եթե նախկինում ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկված էին միայն ՀՀԿ-ականներ, այսօր էլ արդեն հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են նրանց փոխարինել: Եվ հարց է առաջանում` ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել հենց այդ անդամներին: Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք բարեփոխել ոլորտը, ապա ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե պաշտոնյաներ: Եվ հանուն արդարության նշենք, որ առաջիկայում ընտրվելիք գործկոմի կազմում միակ գիտակ անդամը կլինի թերեւս Սուրեն Աբրահամյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է եւ նախկինում հենց ՀՖՖ նախագահ է եղել:
Լավ կլիներ, եթե նոր իշխանությունները փոխեին իրենց գործելաոճը նման փոքր հարցերում հատկապես: Այլապես նախորդ, այն էլ՝ մերժված իշխանություններին նմանվելն այնքան էլ սիրուն չէ:
Նաիրա Հովհաննիսյան