Կուրիոզ դեմքերին թույլ չեն տվել ներս մտնել. ինչ է տեղի ունեցել Շիրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում վերջին օրերին  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակն ակտիվացել է:  Շիրակում ՔՊ թիմը դեռ համալրման փուլում է: Ուշագրավն այն է, որ ՔՊ հոսք է սկսվել տարբեր կուսակցություններից: «Տարբեր կուսակցություններից եղել են առաջարկներ: «Հանրապետականից», «Բարգավաճից»,«Դաշնակցականից, «Օրինաց Երկիր» կուսակցությունից դիմում են:  Կուրիոզ դեմքերը, այսպես ասած,  միայն առաջարկել են, բայց մենք թույլ չենք տվել անգամ գրասենյակ մտնել: Այն մարդիկ, որոնք ժամանակին աշխատանքից դուրս չգալու համար ընդգրկվել են կուսակցություն, ապա հեռացել, նրանք մեր գրասնեյակում ազատ մուտք ու ելք ունեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ, ՔՊ Գյումրու գրասենյակի ղեկավար Կարեն Սարուխանյանը: 

Ստացվում է` առնետավազքը սկսված է:  Տարբեր  կառույցների աշխատակիցները, որոնք նախկինում տարբեր կուսակցություններ են ընդգրկվել աշխատանքը չկորցնելու միտումով, այժմ նույն հոգեբանությամբ  քայլ են անում դեպի ՔՊ:  Այն հարցին, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվում այն անձին, ով ամբողջ կյանքում այլ կուսակցության է հարել եւ շահադիտական միտումներով է ցանկություն հայտնում համալրելու ՔՊ շարքերը,  մարզպետը պատասխանեց. «Նմանատիպ մարդիկ հետագայում կարող են այլ տեղեր գնալ: Բայց դե մերոնք են: Չենք ուզում սեւ ու սպիտակների բաժանել: Ես հաշվի եմ առնում այն քաղաքական ուղին, որով անցել է, բայց նաեւ հատուկ վատ չեմ տրամադրվում նրանց հանդեպ»:

Ինչպես ամբողջ Հանրապետությունում, ՔՊ-ն կադրային խնդիր ունի նաեւ Շիրակի մարզում:  Այդ ուղղությամբ անելիքները  շատ են. «Կադրերի խնդիր ունենք, բայց նաեւ ունենք այն պատնեշների խնդիրը, որը ստեղծել են նախկին իշխանությունները: Ստեղծել են մեխանիզմ, որ յուրաքանչյուր ոլորտում միայն իրենք լինեն: Վարչապետն էլ ասաց, որ փորձելու են պանտեշները մեղմացնել, որ երիտասարդ կադրերն էլ հնարավորություն ունենան: Օրինակ` Շիրակի մարզպետարանում 9 եւ Արթիկի սոցծառայությունում 4 անձ աշխատանքի է ընդունվել»: 

Գյումրիում շրջանառվում են լուրեր, որ մարզպետը ոչ միայն մարզպետարանում, այլեւ գյուղական տարբեր համայնքներում  առաջարկում է քաղաքացիներին համալրել իրենց շարքերը: «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկին առաջարկել համալրել մեր շարքերը:  Մարզպետարանի որեւէ աշխատակից էլ չի կարող ասել, որ ես առաջարկել կամ ստիպել եմ որեւէ մեկին ընդգրկվել մեր շարքերը»,- ասաց Սարուխանյանը: 

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս