Ճակատագրական որոշում. ինչ ընթացք կունենա Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին դատախազության բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա օգոստոսի 20-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդը»-ը գրել էր, որ գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի  դատավոր  Արթուր Պողոսյանին: Բայց հիմա պարզվում է, որ չի բացառվում ՀՀ ՎՃռաբեկ դատարանը ընդհանրապես չքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կրկին կալանք ընտրելու հարցը:  

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հավելենք, որ չնայած գործը մակագրվելու է մեկ դատավորի, սակայն բողոքի էության, այն վարույթ ընդունել կամ չընդունելու հարցի քննարկմանը մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների փորձագետները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել, որ այն դատավորը, որը քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկությունները տրամադրելու է ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի նրանք ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը:

Եւ մինչ  համակարգիչը կընտրի, թե որ դատավորն է քննելու այս գործը, արդյոք ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը կալանքի փոխարինելու հարցը, նախաքննություն իրականացնող մարմնի որոշումն իրավիճակ է փոխել: Մասնավորապես, 2018 թվականի ՀՀ  սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Ահա այս որոշումն էլ դարձավ ճակատագրական ե՛ւ ՀՀ Վճռաբեկ դատարանի, ե՛ւ ՀՔԾ-ի համար: Ինչո՞ւ, որովհետեւ ունենք մի այսպիսի պատկեր. դատախազությունը բողոքարկել է 2-րդ նախագահի խափանման միջոցի հարցը ՀՀ վճռաբեկ դատարան եւ համակարգիչն էլ ընտրել էր, թե որ դատավորը պետք է քննի այդ գործը: Բայց մինչ գործը կհասներ դատաքննությանը, իրավիճակի թելադրանով ՀՔԾ-ն կայացրեց մեկ այլ որոշում. երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը ընտրվեց ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Իհարկե, այդ որոշումը անհրաժեշտ էր, որպեսզի ՀՔԾ-ն հիմնավորեր, թե ինչու է նախագահի անձնագիրն իր մոտ պահում, բայց այդ որոշմամբ քննչական մարմինն, ըստ էության, թեթեւացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի հետագա քայլերը:

Մասնավորապես,«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում ՀՔԾ-ի որոշումը լուրջ քննարկման առարկա  են դարձրել, եւ դատավորները առաջ են քաշել  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածը, որը վերաբերում է  

Խափանման միջոցների հասկացությանը եւ տեսակներին

1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

2. Խափանման միջոցներն են`

1) կալանավորումը.

2) գրավը.

3) ստորագրություն` չհեռանալու մասին.

4) անձնական երաշխավորությունը.

5) կազմակերպության երաշխավորությունը.

6) հսկողության հանձնելը.

7) հրամանատարության հսկողության հանձնելը:

3. Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

Եւ ահա դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ եթե դատախազությունը բողոք է բերել կալանավորելու պահանջով, իսկ ՀՔԾ-ն էլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ապա կիրառության մեջ է մտնում ՀՀ քրեական դատավարության 134 հոդվածի 4-րդ կետը, որը հստակ սահմանում է. «Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված»:

Ասել է թե` Վճռաբեկ դատարանը, հղում անելով օրենքին, կարող  է անգամ չքննել ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, քանի որ արդեն ՀՀ երկրորդ նախագահի մասով  հստակ որոշում կա, եւ նրա նկատմանբ խափանման միջոց  է ընտրված ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: 

Ահա այսպես դատավորները ցանկանում էին իրենց վրայից պատասխանատվությունը գցել ՀՀ Սահմանադրական դատարանի վրա՝ ՀՀ երկրորդ նախագահի անձեռնամխելիության ու կալանքի հարցի սահմանադրականությունը որոշելու համար այն ուղարկելով ՍԴ, հիմա ավելի թեթեւ վիճակում են:  

Բայց դատական համակարգի ներսում ծավալվող քննարկումներն այսքանով չեն ավարտվել, դատավորներից ոմանք կարծիք են հայտնել, որ միգուցե մինչեւ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ ընդունի, ՀՔԾ-ն որոշի խափանման միջոցը դարձյալ փոխել: Այդ դեպքում ՀՀ Վճռաբեկ դատարանին այլ ելք չի մնա, քան քննարկել երկրորդ նախագահի կալանավորման հարցը: 

Եւ ստացվում է, որ ՀՔԾ-ն իր ոչ պրոֆեսիոնալ պահվածքով իր կայացրած որոշման ձեռքը կրա՞կն է ընկել: Իսկ թե ինչպես դուրս կգա իրավիճակից, ցույց կտա ժամանակը: 

Քնար Մանուկյան




Լրահոս