Նոր մանրամասներ գազալցակայանների ստուգումներից. ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե վերականգնվել է 2.3 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Բայց Դավիթ Անանյանի խոսքերով` այս թիվն ամեն օր ավելանում է, քանի որ համալիր հարկային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 13,5 մլրդ դրամի չվճարված հարկ: «Շատերը կարող է եւ հարկերը թաքցրած լինեն, ու մենք ապացուցողական առումով էդքան լավը չլինենք, խնդիրներ ունենանք, չկարողանանք ապացուցել: Ի վերջո մենք իրավական պետություն ենք: Եթե մենք գիտենք, որ այնտեղ հարկեր են թաքցվել եւ գնում ենք ու չենք կարողանում վերհանենք եւ ապացույցներ ձեռք բերենք, որովհետեւ, օրինակ, անցել է տասը կամ յոթ տարի․․․ էդ էլ պետք է գնահատենք»,- նկատեց ՊԵԿ նախագահը: Ըստ ՊԵԿ նախագահի`վերականգնված գումարի մի մասը վերաբերում է խոշոր սուպերմարկետներին, որոնք նախկին իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ գյուղմթերքի վաճառքի դիմաց սահմանվածից քիչ հարկեր էին վճարել: Բայց Դավիթ Անանյանը պնդում է, որ ոչ իրավաչափ այդ սխեմաներն արդեն վերացվել են, եւ բոլորի համար սահմանվել են խաղի հավասար կանոներ:

Բացի այս, ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ այս սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա գերավճարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 53.3 մլրդ դրամով:  Պարզվում է`ՊԵԿ-ը այս տարվա մայիսից սկսած շուրջ 190 գազալցակայաններում իրականացվել են տարբեր հսկողական աշխատանքներ: Իսկ 110 գազալցակայնում արձանագրվել են խախտումներ եւ առաջադրվել պատասխանատվության միջոցներ: Դավիթ Անանյանը նաեւ նկատեց, որ այս մայիսից սկսած գրանցված վարձու աշխատողներն ավելացել են. հուլիսին, մայիսի համեմատ, առեւտրային հարկ վճարողների մասով շուրջ 26 հազար գրանցված աշխատողի ավելացում է գրանցվել: 

Ի դեպ, Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչն է եղել պատճառը, որ ՊԵԿ աշխատակիցները դիմակավորված ներխուժել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներ: Հարցին ի պատասխան` ՊԵԿ նախագահը արձագանքեց. «ՊԵԿ-ն ունի հատուկ բաժնի աշխատակիցներ, որոնք դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ: Այդ անձինք երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, լինում են գրեթե առանց զենքի: Գագիկ Ծառուկյանին պատկանող որեւէ բիզնեսում որեւէ ստուգում չի իրականացվել: Իրականացվելու են արդյոք, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ հնարավոր է բացահայտվեն քննչական գործողություններ: Բայց նախկինում որոշակի գործողություններ իրականացվել են, եւ դրանք առնչվել են գազալցակայաններին»: Ապա հայտարարեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում խախտումներ չեն հայտնաբերվել: 

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս