Պայմանագրային զինծառայողների պարգևների հաշվին գումարներ է աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության զորքերում չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պայմանագրային զինծառայողների պարգեւների հաշվին պաշտոնատար անձը գումարներ է աշխատել: Ըստ մեղադրանքի` Վռամ Բեժանյանը, լինելով ՀՀ ՈԶ 1043 զորամասի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով գնդապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով իր ենթակա զինծառայողներից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` ընդհանուր 364 հազար ՀՀ դրամ: 

Մեզ հայտնի դարձավ, որ Վռամ Բեժանյանը իր վերադաս հրամանատարի կողմից հրաման է ստանում,  որպեսզի  ՀՀ ոստիկանության օրվա առթիվ իր ենթակայության տակ գտնվող զորամասի զինվորների անունները ներկայացնի, որոնք պետք է  տոնական օրվա առթիվ ստանան պարգեւավճարներ:

Արդյունքում,  Բեժանյանը ՀՀ ՈԶ ֆինանսական բաժին է ներկայացրել պարգեւատրման ենթակա անձանց ցուցակ, որի համաձայն ՀՀ ՈԶ 1043 զորամաս պայմանագրային զինծառայողներ` Արամ Մանասյանը, Արթուր Շախբազյանը, Դավիթ Թորոսյանը, Էդվարդ Մնացականյանը, Հակոբ Բաղդասարյանը, Նորայր Ղեւոնդյանը եւ Պարույր Վարդանյանը որպես պարգեւավճար պետք է ստանային 93 000  հազար դրամ:

Այսպիսով հրամանատար Բեժանյանին է փոխանցվում սահմանված պարգեւավճարը, սակայն պարզվում է, որ գումարները տեղ չեն հասնում: Մեզ հայտնի դարձավ, որ Բեժանյանը իր զինվորներին հայտնում է, որ    սխալմամբ իրենց 93 հազար դրամ են պարգեւատրել, բայց պետք է պարգեւատրեին 41 հազար  դրամ:

Այս ամենը լսելուց հետո զինվորները հավատում են հրամանատարին եւ հետ են վերադարձնում 52 հազար դրամները, որն էլ, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի, Բեժանյանը հափշտակում է:

Մեզ հայտնի դարձավ`  իրավապահները Բեժանյանին մեղադրանք են  առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով`  Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան

 




Լրահոս