Բուժհաստատությունում բացահայտված չարաշահումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում չարաշահումներ են հայտնաբերվել:  Դրանք հիմնականում ֆինանսական բնույթի են: Չարաշահումներն ի հայտ են եկել բուժհաստատությունում Շիրակի մարզպետարանի իրականացրած ներքին աուդիտի արդյունքում: Հայտնաբերված թերացումները  Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հաշվետվության տեսքով ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Տվյալները նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Թե ինչ չարաշահումների ու ինչ գումարի մասին է խոսքը, մարզպետ Սարուխանյանը չմանրամասնեց.  «Գործն  ուղարկել ենք Դատախազություն: Ֆինանսական բնույթի չարաշահումներ ենք հայտնաբերել, տեսել ենք կոռուպցիոն բնույթի ռիսկեր: Մանրամասնել չեմ կարող: Քննությունը կպարզի  մանրամասները»,- ասաց մարզպետ Սարուխանյանը: 

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն  Աշոտ Կուրղինյանը խնդրի շուրջ մանրամասներ ու կարծիք հայտնել հրաժարվեց: Իսկ օրեր առաջ նրա հետ նույն հարցի շուրջ զրույցի ժամանակ Կուրղինյանը վստահեցրել էր, որ հիվանդանոցում իրականացվելիք աուդիտը գնահատում է  նորմալ, եւ անհանգստության կարիք էլ չկա: 

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանը 2016 թվականին քաղաքապետի թեկնածու էր եւ գլխավորում էր ՀՅԴ ցուցակը: Նախորդ տարի էլ  վարկանիշային ցուցակով մասնակցում է ԱԺ ընտրություններին։ ՔՊ-ական մարզպետի հետ լարված հարաբերություններին անդրադարձել էինք թերթի նախորդ հարպարակումներում:

Այժմ բուժհաստատությունում իրականացվելու է նաեւ արտաքին աուդիտ: Իսկ մարզպետարանի ներքին աուդիտը  հաջորդը կուղեւորվի Գյումրու Շտապբուժօգնության կայան: 

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածների հատկանիշներով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու կապակցությամբ:

Հեղինե Մանուկյան

Գյումրի

 




Լրահոս