Թրամփի և Օբամայի քաղաքական թշնամությունը սպառնում է բորբոքվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի եւ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի քաղաքական թշնամությունը առաջիկայում սպառնում է բորբոքվելու մի նոր թափով: Օբամայի պետական գործչի կերպարը ուղիղ հակադրվում է Թրամփի ապապետական խառնվածքին` ԱՄՆ քաղաքացիներին կանգնեցնելով յուրահատուկ ընտրության առաջ: ԱՄՆ-ում ակնկալելի է տեսնել ներկա եւ նախկին նախագահների պայքար` հայկական իրականության համար քաջածանոթ ելեւէջներով:

Առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի մասնակի ընտրություններ, որոնք կարող են ճակատագրական լինել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների համար: Եվ որ ամենակարեւորն է, այդ ընտրությունները սահմանելու են առաջիկա երկու տարիների ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հարաբերությունները: Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում հանրապետականները, որոնք օժանդակում են նախագահի վարած քաղաքականությանը: Այժմ Թրամփը լուրջ դժվարությունների չի հանդիպում Կոնգրեսի հետ հարաբերություններում` ունենալով մեծամասնության աջակցությունը: Սակայն առաջիկայում նրա համար երանելի այդ շրջանը կարող է ավարտվել, եթե միջանկյալ ընտրություններում դեմոկրատները հաղթանակ տանեն: Եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստանան, Թրամփի հիմնական  քաղաքական ծրագրերը կդոփեն տեղում: Այդպես էր Օբամայի նախագահության մոտ 6 տարիներին, երբ մեծամասնությունն օրենսդիրում պատկանում էր հանրապետականներին, որոնք շատ հաճախ արհեստական խոչընդոտներ էին հարուցում եւ խափանում գործադիրի ծրագրերի իրականացմանը: Դրանով հանդերձ Օբաման տպավորիչ արդյունքներ արձանագրեց ինչպես պետության ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: 

Սակայն սահմանադրական ու պետական ավանդույթները պարտադրեցին Օբամային հեռանալ Սպիտակ տնից եւ հրաժարվել ակտիվ քաղաքականությունից: Նրա այդ վարքը առաջին հերթին պայմանավորված էր ամերիկյան ավանդույթներով, երբ նախկին նախագահները չեն զբաղվում քաղաքականությամբ` համարելով, որ կառավարման շրջանում արել են իրենց ուժերի առավելագույնը: ԱՄՆ-ում նախկին նախագահները հիմնականում զբաղվում են իրենց հոբբիներով եւ բարեգործական ծրագրերով` չներքաշվելով ակտիվ քաղաքական ու կուսակցական գործունեության մեջ: Միաժամանակ ամերիկյան ավանդույթներով նոր նախագահները կենտրոնանում են առօրյա խնդիրների վրա` չհիշելով նախկին վարչակազմը կամ իրենց առավելությունները ստիպված ցուցադրելու պարագայում զուգահեռներ անցկացնում են` անվանապես նախորդներին չսեւացնելով: Սակայն ինչպես եւ ակնկալելի էր, նոր նախագահ Թրամփը խախտեց նաեւ այդ ավանդույթը: Նա հրապարակավ քանիցս քննադատել է Օբամային ու նրա նախագահության շրջանը` այն համարելով ձախողված: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի այդօրինակ հռետորաբանությունը ինչ-որ տեղ տրամաբանական էր, սակայն նախագահության շրջանում դա մերժելի է: Տպավորություն է, որ Թրամփը իր իսկ ստեղծած կառավարական քաոսը փորձում է բարդել նախկին նախագահի վրա արդարացնելու համար իր վարչակազմի ճգնաժամը: Այդուհանդերձ, Թրամփը դրանով հարվածում է ԱՄՆ պետականությանը` խախտելով տասնամյակների ավանդույթները, որոնց առկայությամբ է նաեւ ԱՄՆ-ն ապահովել իր համաշխարհային առաջատարությունը:

Եվ ահա նախագահությունից հետո Թրամփի «միջնորդությամբ» քաղաքականությունից անբացակա Օբաման որոշել է սեփական նախաձեռնողականությամբ ակտիվություն ցուցաբերել: Օրեր առաջ նա մասնակցեց ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածուների նախընտրական քարոզարշավներին` միաժամանակ հրապարակելով առաջիկայի խիտ օրակարգը: Օբաման ակնհայտորեն վճռական է տրամադրված իր անձնական մասնակցությամբ նպաստելու դեմոկրատների հաղթանակին առնվազն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնության կոճակը հանրապետականներից խլելու առաքելությամբ: Նա առաջին անգամ անունադիր քննադատել է գործող նախագահին` կոչ անելով ամերիկացիներին քվեարկության միջոցով մերժել վերջինիս բերած «հակաամերիկյան» արժեհամակարգը: Թրամփը սուր էր արձագանքել նախկին նախագահին` նշելով, թե վերջինիս ելույթն իր անհետաքրքրությամբ իրեն քնեցրել էր: Սակայն ակնհայտ է, որ պանդորայի արկղն աստիճանաբար բացվում է, եւ ակտիվ մասնակցությանը զուգահեռ Օբաման ավելի է ուժեղացնելու Թրամփի հանդեպ քննադատությունը: Աստիճանաբար ուրվագծվում է նախկին ու ներկա նախագահների պայքարի պատկերը ԱՄՆ-ում` հատկապես 2020թ. ընտրությանն ընդառաջ, որտեղ ԱՄՆ դեմոկրատները ստիպված են լինելու իսկապես ուժեղ թեկնածու առաջադրել Թրամփի դեմ:  

1998թ. իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի թիմը նույնպես ամեն ինչ արեց բացասական լույսի ներքո ներկայացնելու իր նախորդին: Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Քոչարյանի երդմնակալության արարողությանը` ի հեճուկս պալատական հեղաշրջման, սակայն Քոչարյանի կողմից նախորդների հանդեպ հրապարակային հարգանք այդպես էլ չդրսեւորվեց: Սա էլ նպաստեց քաղաքական բեւեռացման խորացմանը` հանգելով 2008թ. առաջին նախագահի քաղաքական վերադարձին: Տեր-Պետրոսյանի վերադարձը պատուհաս դարձավ Քոչարյանի համար` ոչ միայն իրական սպառնալիք դառնալով վերջինիս ստեղծած իշխանական բուրգի համար, այլեւ զրկելով նրան վարչապետական հավակնություններից: Իսկ ահա Մարտի 1-ի պատճառով Քոչարյանի համար վերջնականորեն փակվեցին հնարավոր վերադարձի դարպասները: Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում հակաքարոզչական առումով տիրապեող էր նախկին երկու իշխանությունների հանդեպ հարաբերական անտարբերությունը, քանի որ Սարգսյանը առաջին ժամկետում լուրջ ընդդիմության հետ գործ ուներ, իսկ երկրորդում մեծ դժվարությամբ կասեցրեց պալատական հեղաշրջման սպառնալիքը: Այսպիսով, կարելի է փաստել, որ տարիների ընթացքում Հայաստանում նախկին ու ներկա նախագահների միջեւ այդպես էլ չձեւավորվեցին նորմալ հարաբերություններ:

Ն. Հովսեփյան

 




Լրահոս