Շոու-բիզնեսում անկում է նկատվում. ո՞ւր է կորել Էմմա Ասատրյանը և ինչո՞վ է զբաղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Էմմա Ասատրյանը էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ որտեղ է նա եւ ինչով է այժմ զբաղված, արդյոք պատարստվո՞ւմ է անակնկալներ մատուցել երկրպագուներին: Էմմայի խոսքով՝ այսօր շոու-բիզնեսում խորը անկում է նկատվում, եւ միայն ինքը չէ, որ լռում է. «Շատերն են քիչ երեւում, քիչ թվով տեսահոլովակներ  նկարահանում, պատճառն այն է, որ այսօր հաջողություն են ունենում շատ վատ որակի երգեր: Ամռանը հանգստանում էի Եգիպտոսում, եւ ականջիս հասնում էին արաբերեն երգեր, որոնք ծանոթ էին թվում, քանի որ դրանց հայկական «տարբերակն» արդեն լսել էի: Այս ամենից հետո անիմաստ է որակյալ պրոդուկտ թողարկելու համար ծախսեր անելը»,-մեկնաբանեց երգչուհին՝ հույս հայտնելով, որ  իրավիճակը կփոխվի, իր այս տրամադրվածությունը, ընկճվածությունը եւս: 

Այնուամենայնիվ, երգչուհին ձեռքերը ծալած չի նստում: Իր վերջին մենահամերգի ժամանակ նա հայտարարել էր, որ այն երեք պրեմիերաներից, որին հանդիսատեսը հավանություն տա, դրա հիման վրա տեսահոլովակ կնկարահանի: Այդպիսով՝ ընտրվեց իր եւ Միքայել Ոսկանյանի զուգերգը. «Պետք է ձայնագրենք այն կենդանի նվագակցությամբ, Հանրային հեռուստաընկերությունն էլ հոլովակ է նկարահանելու եւ ամանորյա ծրագրի շրջանակում պրեմիերա է  անելու»,-մանրամասնեց Էմման:

Երգը կոչվում է «Խելապակաս», հեղինակը ինքը՝ երգչուհին է: Այն պատմում է երես առած, չարաճճի մի աղջկա մասին, որն ամուսնանում է եւ խելոքանում. «Բայց նա ասում է, որ իր սիրուց մազերը թափվել են, մազերի հետ էլ խելքն է թափվել»,-ծիծաղելով հավելեց մեր զրուցակիցը: Միքայել Ոսկանյանը նաեւ նվագակցելու է երաժիշտներին:

Եթե նախկինում Էմման դասավանդում էր Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա այսօր նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայում: Ուսումնական այս տարին երգչուհու համար առանձնահատուկ է նրանով, որ դպրոցի սաների թվում ավելացել են փոքրիկներ, որոնց հետ աշխատելը, Էմմայի խոսքով, առանձնահատուկ հաճույք է: 

Մենք հետաքրքրվեցինք՝ Երեւանում իր  հերթական մենահամերգին ե՞րբ սպասենք. «Ավելի փոքրիկ, ջազային ծրագրով համերգով հանդես գալու ցանկություն կա, երեւի  դա կլինի արդեն ձմռանը»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս