«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Վայոց ձորի Շատին համայնքում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզի ուժային կառույցները անգործության մատնված, որի հետեւանքով համայնքի մի խումբ բնակչներ շուրջ երեք ամիս զավթել են Շատինի համայնքապետարանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի երկու աշխատակիցներն իրավիճակին ծանոթանալու համար այցելել էին Շատինի համայնքապետարան: Եւ արձանագրեցինք, որ բնակիչները բեռնատար մեքենայով փակել են համայնքապետարանի բակը, աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա դռանը: Այստեղ բնակիչներից մի քանիսը հարձակվել են մեր թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել:
«Ժողովուրդ»-ի լրագրողներն այցելել էին Վայոց ձորի մարզային ոստիկանություն հաղորդում տալու, սակայն վարչության պետ Գրիգոր Գրիգորյանն այդպես էլ չէր ընդունել լրագրողներին:
Այս առիթով Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
-Պարո՛ն Օսիպյան, Դուք տեղյա՞կ եք` ոստիկանության մարզային վարչության պետերը ինչպես են աշխատում, հետեւե՞լ եք իրենց աշխատանքին, ինչպես են կատարում իրենց ծառայությունը:
-Նորմալ: Կան ե՛ւ լավ, ե՛ւ միջին, համեմատաբար նորմալ է:
-Ինչ կասեք, օրինակ, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն պետ Գրիգոր Գրիգորյանի կողմից ղեկավարվող մարզային ծառայության մասին: Մեզ հայտնի դարձավ, որ Դուք նրան նոր եք նշանակել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն պետի պաշտոնում:
-Նորմալ եմ գնահատում:
-Միգուցե Դուք նորմալ եք գնահատում, բայց մարզում եւ հատկապես Շատին համայնքում արդեն երեք ամիս է` ամենաթողություն է, եւ ոստիկանները վարչության պետի գլխավորությամբ, մեղմ ասած, անգործության են մատնված:
-Ձեր թղթակցի հետ կապված դեպքից տեղեկացված եմ, ինձ զեկուցել են, որ սահմանված կարգով ընթացք կտրվի կատարվածին:
-Արդեն երեք ամիս է, որ ոստիկանները վախենում են մոտենան եւ պատասխանատվության կանչեն անօրինականության դիմած քաղաքացիներին: Դուք պարզե՞լ եք` իրենք վախենո՞ւմ են, աշխատել, վարչության պետը վախենո՞ւմ է կոնկրետ մարդկանց պատասխանատվության կանչել, որոնք համայնքապետարանի շենք են զավթել:
-Ո՞վ է Ձեզ նման բան ասել, ուրեմն Շատինի հարցը կարող է կարգավորվել շատ արագ եւ շատ կարճ ժամանակում, կրկնում եմ, շատ կարճ ժամանակում:
-Այդ դեպքում ինչն էր խանգարում, որ այս երեք ամսվա մեջ ոստիկանության պաշտոնատար անձինք քայլեր չեն ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար:
-Ձեզ ասեմ, որ ուղղակի ոստիկանությունը ցանկություն չունի` բախում տեղի ունենա, որովհետեւ դա կդիտեն որպես բախում: Մենք իրականացնում ենք օրինական գործողություններ եւ թողել ենք գյուղացիների ինքնագիտակցության վրա, եւ վստահ եմ` իրենք կինքնակազմակերպվեն:
-Բայց իրավիճակը այլ է: Նրանք չեն ինքնակազմակերպվում, եւ ոստիկանները ոչինչ չեն անում նրանց կարգի հրավիրելու համար: Վստա՞հ եք, որ ոստիկանները վախեցած չեն:
-Իհարկե:
-Բնակիչները պահանջում են գտնել այս ամենի կազմակերպչին, կանչել պատասխանատվության, եւ հարցը կլուծվի: ՀՀ ոստիկանությունը կարո՞ղ է գտնել, բերել բնակիչներին ուղղորդողին եւ հարցը լուծել:
-Եթե այդպիսինը կա, որեւէ խնդիր չկա, հատկապես Ձեր կոմից նշված մարզային վարչության պետը կաշկանդված չէ: Եթե ես զգամ, իմանամ, տեղեկություններ ստանամ, եւ այդ տեղեկությունները ապացուցվեն, որ որեւէ ոստիկան, կապ չունի` գնդապետ է, թե սերժանտ, կաշկանդված է, մեկ ժամ չեն աշխատի: Այսքանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ մեր լրագրողներին քաշքշելու եւ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքին իրավական գնահատական է տրվելու:
«ՀՀ գլխավոր դատախազությունը «Ժողովուրդ» թերթի հրապարակումը, որտեղ նշվում էր նաեւ լրագրողի մասնագիտական գործությությունը խոչընդոտելու եւ դա որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ, ուղարկել է ՀՀ վայոց Ձորի մարզի դատախազութուն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
Քնար Մանուկյան