Պաշտոնատար անձանց կողմից Բանակից հափշտակությունների դեպքերով բացահայտումները շարունակվում են: Պարզեցինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Լեւոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով մայոր, պատասխանատու լինելով զորամասի տեխնիկայի տեխնիկական վիճակի, ճիշտ շահագործման, նորոգման եւ էվակուացիայի համար, զորամասի նյութատեխնիկական ապահովման համար, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման, վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ կիրառման եւ խնայողական օգտագործման համար` 2017թ. սեպտեմբերից մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ուղեգրերը կեղծելու միջոցով զորամասի իրեն վստահված նյութական միջոցները յուրացրել է: Ասել է թե` իրեն հանձնված է եղել մոտ 200 լիտր բենզին եւ վերջիններս ներկայացրել են, թե բոլորը օգտագործել են:
Բացի այդ, Լեւոն Խաչատրյանը, լինելով պաշտոնատար անձ, 2017թ. նոյեմբերի 10-ին զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ-375» մակնիշի ՊՆ 2470 Տ զինհամարանիշի ավտոմեքենայի համար կազմել է կեղծ փաստաթուղթ` 659 համարի ուղեգիրը, որտեղ նշել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, որ նշված մեքենան կատարել է քաղաք Վեդի, քաղաք Երեւան, քաղաք Աշտարակ, գյուղ Կոշ-Աղավնաձոր քարի հանք երթուղին, ինչի արդյունքում ծախսվել է 148լ ավտոբենզին:
Սակայն այս ուղղությամբ որեւէ աշխատանքներ չեն իրականացվել: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Ընդդեմ դատավորի
Շիրակի մարզի քաղաք Մարալիկի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Մնացական Պետրոսյանը դիմել է դատարան ընդդեմ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի: Իր հայցով քաղաքացին պահանջում է, որ դատարանը ստիպի Լենդրուշ Հովհաննիսյանին բացատրություն տալ եւ 2017թ. դեկտեմբերի 28-ին կայացված վճիռը վերացնելուն պարտավորեցնել: Ըստ էության, քաղաքացիները կա՛մ մոռացել են, կա՛մ հույսները կորցրել են, որ առաջին ատյանի դատարանի որոշումները կարող են բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում, եւ այս հանգամանքները հաշվի չառնելով` միանգամից դատի են տվել դատավոր Հովհաննիսյանին:
Քնար Մանուկյան