Օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, որպեսզի ԱԺ-ն լուծարելու հիմքեր ստեղծվեն: ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում ամենամեծ պատգամավորներ ունեցող խմբակցությունն է, դեմ է այս տարբերակին ու փորձելու է դիմադրել: «Ժողովուրդ» օրաթերթը Սամանադրական փոփոխությունների, ԱԺ-ի հնարավոր լուծարման եւ Երեւանի ավագանու ընտրությունների մասին խոսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հետ
-Պարո՛ն Գորգիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ թավշյա հեղափոխության օրերին խոսում էր սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին: Եվ հիմա էլ դա համարում է կարեւոր հարցերից մեկը: Ի՞նչ կասեք այս մասին: Դե՞մ եք, թե՞ կողմ սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն:
-Այն սահմանադրական բարեփոխումների մասին, որ խոսել է պարոն Փաշինյանը, հիմնականում վերաբերում էին ԱժՆ ցրելու մեխանիզմներին: Գործող սահմանադրությամն ազգային ժողովը հնարավոր է ցրել միայն մեկ եղանակով. վարչապետը պետք է հրաժարական տա, եւ ԱԺ-ն երկու փորձով չկարողանա ընտրել վարչապետ: Նախորդ կառավարությունները մտածել են, որ իրենք հավերժ են, եւ նման իրավիճակներ չեն լինելու: ԵՎ բնականաբար հիմա բարեփոխումների կարիք կա: Սահմանադրական փոփոխությունները պետք է նպաստեն, որ քաղաքական եւ մի շարք այլ իրավիճակներից ելնելով` հնարավոր լինի ԱԺ-ն լուծարել:
-Ի՞նչ եք կարծում, ԱԺ-ի լուծարումը հիմա խիստ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
-Դրա կարիքը հիմա կա: Եվ դա օրհասական է, որովհետեւ այսօրվա Աժ-ն չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների քվեն: Իսկ ազգային ժողովը դրա համար է կոչված: Այսինքն՝ այսօրվա Աժ-ում արտահայտված չէ քաղաքացիների կամքն ու քաղաքական դիրքորոշումը: Դրա համար էլ շատ շտապ պետք է կազմակերպվի ԱԺ ընտրություններ:
-Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ նպատակահարմար չի համարում ԱԺ-ի ցրումը միայն նրա համար,որ հարգելի վարչապետը չի ուզում հրաժարական տալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Բնական է, որ «ՀՀԿ»-ն չի ուզի, որ ԱԺ-ն ցրվի, որովհետեւ կուսակցության ռեյտինգը շատ ցածր է, եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դա իրենց ձեռք չի տալիս: Եթե, օրինակ, հաջորդ կիրակի լինի Աժ ընտրություններ, մեծ հարցականի տակ կդրվի նրանց՝ խորհրդարանում լինելու հարցը: Բայց «ՀՀԿ»-ն ի վերջո պետք է հասկանա,որ իրավիճակ է փոխվել, եւ փորձի հաշվի նստել նոր իրավիճակի հետ:
-Այնուամենայնիվ, եթե «ՀՀԿ»-ն դեմ քվեարկի սահմանադրական փոփոխությունների իրականացմանը, ո՞րը կլինի ձեր հաջորդ քայլը
-Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Հիմա դա կարող է անել միայն կառավարությունը:
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ կարծում է, թե կարող է դառնալ ընդդիմադիրներին միավորելու կենտրոն: Ի՞նչ կասեք այս մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ շանսեր ունի նա խորհրդարանում հայտվելու:
-Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես քաղաքական կերպար, հիմա բավականին ուռճացված է: Նա փորձում է լրացնել ընդդիմության բացը: Բայց ընդդիմություն դառնալու համար պետք է ունենալ ժողովրդի մի մասի վստահությունը: Հայաստանում նույնիսկ ընդդիմությունը միշտ ավելի վստահելի է եղել, քան իշխանությունը : Եվ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այդ վստահությունը քաղաքացիների որեւէ շերտի կողմից:
– Ի դեպ, կարծիքներ կան, որ ժողովուրդը հիմա էյֆորիայի մեջ է, եւ երբ դուրս գա դրանից, կառավարության վարկանիշը ակնհայտորեն կընկնի: Ի՞նչ կասեք այս մասին
-Բնական բան է, որ հեղափոխությունից հետո պետք է ինչ-որ շրջան էյֆորիայի մեջ լինի ժողովուրդը: Բայց ես չեմ կարծում, որ կառավարության վարկանիշը կտրուկ կընկնի: Մեր քաղաքացիները հասկանում են, որ մի քանի օրում կամ ամսում հսկայական փոփոխություններ չեն կարող լինել եւ կարծում եմ՝ համբերատար կլինեն:
Լուսինե Մինասյան