Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է նաեւ «Հայք (հայկազունիներ) կուսակցությունը»: Այդ կուսակցության քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը խոսել է Երեւանի ավագանու ընտրությունների մասին:
-Պարո՛ն Հովսեփյան, տեղեկացանք, որ որոշել եք մնալ շտաբում եւ այդպես անցկացնել քարոզարշավը: Ինչո՞ւ ընտրեցիք այս մարտավարությունը:
-Մենք ունենք կուսակիցներ, ովքեր ամեն մեկը իրենց տեղում, իրենց թաղամասերում անցկացնում են իրենց քարոզարշավը: Առաջին օրերից պարզ դարձավ, որ այդ հին ոճը, որ ընկնում են փողոցներով, ժողովրդի մոտ արհամարհանք եւ զզվանք է առաջացնում: Մենք նույնիսկ հրաժարվել ենք բուկլետների մշակույթից: Մենք ունենք երեք ծրագիր` Երեւանը` հայության մայրաքաղաք, Երեւանը` ազգային արժեքների, հեղափոխության մայրաքաղաք, Երեւան քաղաք: Մեր կուսակիցները սրանք բաժանել են իրար մեջ եւ իրենց շենքերում, թաղամասերում քարոզարշավ են իրականացնում: Փողոցային քարոզարշավը արդյունավետ եւ պատվաբեր չէ:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը: Ի՞նչ եք կարծում, ձեր թեկնածուներից քանիսը կլինեն ավագանիում:
-Մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում: Կուսկացությունները իրենց ամեն ինչը պետք է բխեցնեն իրենց գաղափարախոսությունից, նույնիսկ այն տնտեսական ծրագրերը, որոնց մասին խոսում են: Բայց դրանք տնտեսական ծրագրեր չեն: Դրանք այսօրեական խնդիրներ են, որոնք պիտի լուծի քաղաքապետարանը: Դրանք կուսակցության խնդիրներ չեն: Դրանք թաղապետարանի ուղղակի խնդիրներն են, որոնք պետք է լավ լուծումներ ստանան: Այսինքն` կուսակցությունները պետք է շնորհակալություն հայտնեն, որ վատ աշխատեց, հակառակ դեպքում նրանք խոսելու բան չէին ունենա:
Մեզանից կողոպտվել են մեր հոգիները: Ո՞վ է խոսելու այն աղբի մասին, որը կուտակվել է մեր հոգիներում: Այն աղբաջրերը, որ մտել են մեր կյանք, մեր մշակույթ, ո՞վ է հանելու դրանք: Շինարարությունից են խոսում: Ո՞վ է ստեղծելու վաղվա հային: Ոչ մեկը դրա մասին չի խոսում: Կոռուպցիայից են խոսում, բայց չեն ասում, որ մեզնից մեր հոգիներն են կողոպտվել: Երեւանը դարձրել են փող դիզելու միջոց: Մենք ազգայնականներ ենք, եւ մեր խոսքը ուղղված է յուրաքանչյուր հայի: Մեր ելույթներն ու խոսքերը արժեքային դաշտից են: Մրցակցություն չկա. Բոլորը խոսում են նույն բանից: Մեկը ասում է` էդ բանը էսպես կանեմ, մյուսը ասում է` էնպես կանեմ:
-Խոսեցինք ձեր մարտավարության մասին: Մտավախություն չկա՞, որ քաղաքացին կգնա ընտրատեղամաս եւ չի հիշի ձեր կուսակցությունը:
-Օրը 500-1000 տոկոս աճում է ժողովրդի հետաքրքրությունը մեր նկատմամբ, որովհետեւ մենք խոսում ենք իրական խնդիրների ու ցավերի մասին: Իրական խնդիրները փողոցում չեն, այլ մեզանում են: Երբ մեր թեկնածուները խոսում են քաղաքացիների հետ, նրանք ասում են, որ, այո, ոչ մեկը չի խոսում իրական խնդիրների մասին: Մենք այսօր արտաքին ուժերի կառավարման ուղղակի հարվածի տակ ենք: Փոքրմասանություններ կան` սեռական փոքրամասնություններին աջակցողները, քաղաքականությունը իրենց շահի համար օգտագործող օլիգարխները, կրոնական մի շարք կազմակերպություններ, որոնք հիմա քանդում են երկիրը: Նրանք մասնատում են մարդկանց: Դա քաղաքացիական պատերազմի տեխնոլոգիան է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան, Հովսեփ Հովսեփյան