Ինչպե՞ս օնլայն տիրույթից խուսափող Նունե Եսայանը որոշեց վլոգերությամբ զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, որը ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ խուսափում է ինտերնետային տիրույթում, մասնավորապես՝ սոցցանցերում հանդես գալուց, այսօր  փաստացի զբաղվում է վլոգերությամբ: Նա վերջերս Youtube-ի պաշտոնական էջում տեղադրում է տեսանյութեր, որոնց շրջանակում կատարում է իր երկրպագուների պատվիրած երգերը, հանդիպումներ է ունենում  հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ, ներկայանում է դուետներով: Երգչուհին իր հյուրերի հետ կատարում է երաժշտական փորձարարություններ,  հիշում է երգերի հետ կապված պատմություններ եւ դրվագներ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ: Նունե Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե ինչպես ստացվեց, որ որոշեց զբաղվել վլոգերությամբ: 

-Նունե, սկզբում Դուք Instagram-ի  Ձեր էջում երկրպագուներից հարցնում էիք, թե որ երգը կցանկանան, որ կատարեք եւ հրապարակեք: Հետո արդեն նոր բան մտածեցիք, սկսեցիք հյուրընկալել հայտնիների, եւ  էլի երկրպագուներին հարցնում եք, թե ում կցանկանան հերթական անգամ տեսնել որպես հյուր: Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք դիմել այս գործիքին:

-Այո, սկզբում ես խուսափում էի հանդես գալ օնլայն տիրույթում, քանի որ չեմ սիրում, երբ, օրինակ, մի նկար են հրապարակում եւ պատմում են, թե որտեղ են եւ ինչ են անում: Բայց հետո հասկացա, որ սոցցանցերը կարելի է նաեւ արդյունավետ օգտագործել: Ինձ դուր է գալիս երկրպագուների հետ ինտերակտիվ այդ կապը: Ի դեպ, առաջին հյուրս Ռուբեն Մաթեւոսյանն էր՝ իմ կուռքը, եւ ես ուրախ եմ, որ իմ հարցմանն ի պատասխան` երկրպագուներս հենց նրա անունը  տվեցին եւ պահանջեցին, որ նրան հյուրընկալեմ:

Երբեւէ մտածե՞լ եք, որ  կարող եք ընդլայնել այս նախաձեռնության շրջանակները եւ գուցե վաղը որեւէ հաղորդում նկարահանեք, վարեք, ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեք: 

-Այդպիսի ծրագիր իրականացնելու մտադրություն վաղուց ունեի, բայց չստացվեց կյանքի կոչել, ես էլ որոշեցի այս ձեւաչափը կիրառել: Ամեն երկուշաբթի հյուրընկալում եմ մի արտիստի, եւ երկրպագուների հետ միասին լավ ժամանակ  ենք անցկացնում: Տեսանյութերը հրապարակում եմ  Youtube-ի իմ պաշտոնական էջում, նաեւ Facebook-ի իմ էջում: 

Երկրպագուների համար կարո՞ղ եք փոքրիկ գաղտնիք բացել եւ ասել, թե ով է լինելու հաջորդ հյուրը:

-Այո, Արամեն է լինելու իմ հյուրը, այնպես որ, սպասեք:

Հավելենք, որ Նունե Եսայանի նախորդ հյուրը երգչուհի Քրիստինե Պեպելյանն էր: Վաղեմի գործընկերները միասին կատարեցին արդեն սիրված երգեր, հիշեցին ինչ-ինչ դրվագներ, ավելին՝ Քրիստինե Պեպելյանն անգամ մի պահ մոռացավ իր ամենահայտնի երգերից մեկի՝«Մայրիկ»-ի խոսքերը, իսկ Նունե Եսայանը փրկեց իրավիճակը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Քրիստինեի  հետ.

-Քրիստինե, որքանո՞վ եք կարեւորում նման  հանդիպումների դերը, հատկապես ներկայիս պայմաններում, երբ համերգներ բավական քիչ են կազմակերպվում, միմյանց հանդիպելու առիթներն էլ կարծես շատ չեն:

-Սա ոչ միայն  հինն ու բարին հիշելու, նոր մելիզմներ սովորելու, այլեւ նույն բնագավառում աշխատող երկու մարդկանց շփման համար լավ առիթ է: Հիմա մարդիկ ամեն էմոցիա սմայլիկների միջոցով են փոխանցում իրար, ուստի գովելի է նման կենդանի հաղորդակցությունը: Ինձ համար հաճելի է նաեւ, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում մասնագիտական նուրբ հարցերի, օրինակ, տարբեր ժանրերի երգեր են կատարվում, տարբեր խաղիկներ են արվում, այդ ամենը հյուրի համար էլ է հետաքրքիր: Այնպես որ, բարի երթ: Սպասում ենք հաջորդ հյուրերին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս