Երեկ փոխվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 22-ին Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում «Մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ է գործադրել:
Ուշագրավը, սակայն, Համբարձումյանին ազատ արձակած դատավորի ինքնությունն է: Մնացական Մարտիրոսյան դատավորը հայտնի է որպես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով նախորդ իշխանության պատվերներ կատարող: Նա հանրությանը հայտնի դարձավ, երբ քննեց «Առագաստ» սրճարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը. թիկնապահը մեղադրվում էր ջավախահայ Պողոս Պողոսյանի սպանության մեջ եւ նա ընդամենը պայմանական ազատազրկման դատապարտվեց:
Մարտիրոսյանը հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, երբ այդ իրադարձությունների մեջ մեղադրվում էին ընդդիմադիրները: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մնացական Մարտիրոսյանից հետաքրքրվել, թե ով է նրան հրագանգել Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակել, ի պատասխան` դատավորն ասաց. «Դիմե՛ք դատական դեպարտամենտ, հաջողություն»: