Երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը ծնվել է 1883թ. հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում՝ այգեգործի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ղզլարի ծխական դպրոցում, միջնակարգը՝ Նոր Նախիջևանում, ուր և սկսվում են նրա երաժշտական պարապմունքները դպրոցի երգչախմբում:
1900 թվականին աշակերտ Մելիքյանը ստանձնում է Նոր Նախիջևանի սբ. Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, սկսվում է նրա կատարողական, ապա և ստեղծագործական ինքնուրույն գործունեությունը: Աշխատանքը երգչախմբի հետ Մելիքյանի համար մի դպրոց էր, որը մեծ դեր խաղաց Մելիքյանի հետագա կյանքում:
Դպրոցն ավարտելուց հետո (1902թ.) Ռոմանոսն ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան: Ուսումնառության տարիներին ստեղծագործական աոաջին փորձերն է անում, մշակում է ժողովրդական երգեր ու շարականներ: 1905 թվականին Մելիքյանը մեկնում է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա: Պարապմունքները և Մոսկվայի երաժշտական կյանքը մեծ դեր խաղացին նրա երաժշտական տեսադաշտի ընդլայնման և գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում: Մոսկվայում շարունակվում է Մելիքյանի խմբավարական գործունեությունը:
Ղեկավարում է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն: Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, Մելիքյանին ստիպում են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա տեղափոխվել Թիֆլիս՝ արևելահայության մշակութային խոշոր կենտրոն, ուր նա Հովնանյան դպրոցում աշխատում է որպես երաժշտության ուսուցիչ: Ռ. Մելիքյանի մուտքը հայ երաժշտության ոլորտ արժանացել է ժամանակակիցների դրվատանքին:
Նրա ստեղծագործությունը որակվել է որպես թարմ հոսանք: 1910-1914 թվականներին կատարելագործվելու ձգտումով Մելիքյանը սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում: 1921թ.-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու: Սովի, տնտեսական քայքայվածության, քիչ թե շատ կազմակերպված երաժշտական կյանքի բացակայության պայմաններում Մելիքյանը, ինչպես գրում է Ստ. Զորյանը, «կարճ ժամանակում ստուդիան դարձրեց ամենաօրինակելի հաստատությունը Երևանում՝ իր կահավորումով, մաքրությամբ, կարգապահությամբ»:
1923 թվականին ստուդիան վերածվեց կոնսերվատորիայի: Ելնելով ժամանակի պահանջներից՝ Մելիքյանը կարծում է, որ այդ հաստատությունը, լինելով հանրապետության միակ երաժշտական օջախը, պետք է իր վրա վերցնի լայն զանգվածների երաժշտական լուսավորության գործը և չբավարարվի միայն կադրեր պատրաստելով: Նա եռանդուն մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին (Օդեսայում, Թիֆլիսում, Երևանում) և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը:
Նա առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը: Երաժշտական-հասարակական գործունեության այս բուռն տարիներին Մելիքյանը շարունակել է իր ստեղծագործական աշխատանքը: Վերջնականապես հղկում ու հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը (1928թ.), ավարտում է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը»: 1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում կտրվեց կոմպոզիտորի կյանքի թելը: Նա ապրեց ոչ երկար, բայց հագեցած, գեղեցիկ կյանք: