Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։
Այս մասին հայտնում է razm.info-ն` հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։ Աղբյուրին զինծառայողի մահվան մասին տեղեկությունները հայտնել է նրա մորեղբայրը՝ նշելով, որ թաղման արարողությունը արդեն եղել է։
Լրատվակայքը դիմել է Քապազի շրջանի ՏԻՄ, որտեղից հայտնել են, որ զինծառայողի մահվան մասին տվյալներ չունեն։
Բացի այդ, Meydan TV-ի լրագրող Հեբիբ Մյունթեզիրը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կան ևս մեկ զոհ ու մեկ վիրավոր, որոնց մասին մանրամասն տվյալներ չկան։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են 3 ադրբեջանցի զինծառայողի, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակ պնդում էր, որ դա ապատեղեկատվություն է և ադրբեջանական կողմը որևէ կորուստ չի ունեցել։ Նշենք, որ այս կորստի մասին ևս Ադրբեջանի ՊՆ ոչ մի հայտարարություն չի արել։ Քանի որ վերոնշյալ անհայտ զոհի և վիրավորի մասին որևէ տվյալ չունենք, առայժմ 2018թ կորուստների ցուցակում հաշվում ենք միայն Իբրահիմ Ալլահվերդիևին։ Ըստ այդմ նշենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 28 զինծառայողի մասին։