«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:
-Պարո՛ն Զուրաբյան, այս ընտրություններում ակտիվությունը ավելի շատ է, քան նախորդում էր: Քարոզարշավն էլ տեսնելով` այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական ընտրություններ են: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսպես եղավ այս անգամ:
-Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է; Առջեւում լինելու են նոր պառլամենտական ընտրություններ: Ընդհանրապես՝ Հայաստանը վերափոխվում է, եւ դա առաջացրել է որոշակի աժիոտաժ, որը կարող է նման իրավիճակներում լինել: Լա՞վ է դա: Չէի ասի, որ լավ է: Վա՞տ է: Ինչ-որ տեղ վատ է: Բայց սա բնական է, որովհետեւ այս մթնոլորտը հատուկ է հետհեղափոխական շրջանին:
-Իսկ դուք սպասո՞ւմ էիք, որ քարոզարշավը վերջին օրերին այսպես կտրուկ կփոխվի եւ կլարվի:
-Ցավում եմ դրա համար: Ես գտնում եմ, որ առանձին դեպքերում հնարավոր են նաեւ լարումներ եւ կարծում եմ, որ շատերը շեղվել են Երեւանի թեմայից: Երեւանը ստորադասվել է, Երեւանի խնդիրները ստորադասվել են եւ այլ ճանապարհով է ընթանում այս պրոցեսը: Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլինի վերադառնալ Երեւանի խնդիրներին, որովհետեւ մենք ընտում ենք Երեւանի քաղաքապետ, եւ Երեւանում էլ հսկայական խնդիրներ կան, որոնց լուծումները գտնելը այս պահին առաջնահերթություն է:
-Լինելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, կիսո՞ւմ եք այն որոշումը, որը վերջին օրերին «ԲՀԿ»-ն է որդեգրել՝ կապված Նիկոլ Փաշինյանի կամ Հայկ Մարությանի հետ:
-Ես «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ եմ եւ այդ գործունեությունը ծավալում եմ համատեղ պառլամենտում: Եվ դա բնական է, որ այն գործունեությունը, որ ծավալում ենք պառլամենտում՝ որպես մեկ թիմ, մեկ քաղաքական միավոր, մենք այնտեղ խիստ միասնական ենք եւ միասին տանում ենք քաղաքական պրոցեսը:
Այս մի հարթակում կա մի լուրջ տարբերություն: Ես գլխավորում եմ «Երեւանցիներ» դաշինքը եւ մրցակից եմ այլ խմբակցությունների: Եվ, բնականաբար, յուրաքանչյուրս մեր մոտեցումները ունենք առանձին խնդիրներին եւ հարցերին: Ես կարծում եմ` ոչ թե այս կամ այն միավորի մոտեցումը պետք է կիսել կամ չկիսել, այլ այդ մթնոլորտը ընդունելի կամ ոչ ընդունելի համարել: Մթնոլորտը գնահատում եմ ոչ այնքան դրական, որովհետեւ այն լարված է, եւ դա որեւէ դրական բան չի տալիս:
-Երեկ էլ Արամ Սարգսյանը նշեց, որ այն ուժերը որոնք ժամանակին սատարել են Նիկոլ Փաշինյանին, ասյպես շարունակելու դեպքում հնարավոր է՝ իրենց կողքին չլինեն: Համակարծի՞ք եք:
-Ես կարծում եմ, որ հարցը մի քիչ այլ ձեւով է դրված: Նորից եմ ասում՝ նախընտրական քարոզչություն եւ մրցակցություն է, եւ դա ծնում է որոշակի մոտեցումներ, որոնք լինում են սուր: Ամսի 23-ը կանցնի, եւ ամեն ինչ տեղը կլինի:
-Բայց այս ուժերը նույն կառավարության կազմում են:
-Հայաստանի Հանրապետությունում, եւ, ընդհանրապես, աշխարհում շատ ընդունված է, որ նույն քաղաքական ուժի մեջ լինեն տարբեր հոսանքներ: Սա քաղաքականության հիմքում ընկած պրոցես է: Այնպես չէ, որ դա օտար է քաղաքականությանը: Որովհետեւ մշտապես մեկ առանձին կամ տասը առանձին հարցերի շուրջ անհատներ, խմբեր, քաղաքական ուժեր ունենում են տարբեր մոտեցուներ, եւ սա բնական է: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է գործի իր խղճին համահունչ եւ պետք է կարեւոր համարի մեր երկրի շահը, որովհետեւ այն դոմինանտ է:
-Բոլոր դեպքերում հենց Հայկ Մարությանն է խուսափում բանավեճից: Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ է Նաիրա Զոհրաբյանի այն ասածը, որ քաղաքական առումով նա չի կարող բանավիճել առանց Նիկոլ Փաշինյանի:
– Ես ասեմ որ, իհարկե, չի կարող, որովհետեւ Հայկ Մարությանը քաղաքականության մեջ է մի քանի օր, իսկ քաղաքային տնտեսության մեջ երբեք չի եղել: Այսինքն՝ սրանք ոլորտներ են, որոնք իր համար նոր են: Կանցնի որոշ ժամանակ, եւ ինքը, ունենալով բավականաչափ լավ տրամաբանելու հնարավորություն, որը ակնհայտ է, կսովորի շատ բան, բայց դեռեւս չի սովորել եւ ճանապարհ ունի անցնելու: Իսկ ես կարծում եմ, որ ի վերջո Երեւան քաղաքը փորձադաշտ չէ, որտեղ սկսում են սովորել: Պետք է լինեն մարդիկ, ովքեր արդեն ունեն համապատասխան մոտեցումները, գիտելիքները, պատկերացումները եւ մասնագիտական ունակությունները:
-Բայց դուք ասել եք, որ Նաիրա Զոհրաբյանին էլ է ժամանակ պետք:
-Նաիրա Զոհրաբյանին շատ ավելի քիչ ժամանակ է պետք, որովհետեւ նա անցել է լուրջ քաղաքական դպրոց, որը որ առնչվում է հանրային, հասարակական կյանքի բոլոր էլեմենտների հետ: Նույնը վերաբերում է քաղաքական փորձառություն ունեցող բոլոր անհատներին:
Երբ ասում են՝ այս կամ այն պաշտոնը քաղաքական է, նկատի ունեն, որ քաղաքական գործիչը ունի փորձառություն բազմաթիվ հարցերի շուրջ: Էլի եմ ասում՝ որոշակի դժվարություն կլինի, որովհետեւ մարդիկ չեն ղեկավարել Երեւանի նման մեխանիզմ: Բայց շատ ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր փորձառու են, քան թե նրանց համար, որոնք թե՛ այստեղ փորձառու չեն, թե՛ Երեւանի տնտեսությունը չեն պատկերացնում:
Իմ պարագայում այնպես է ստացվել, որ ես քաղաքականությամբ զբաղվում եմ Հայաստանում քաղաքականության ծննդյան օրվանից մինչեւ հիմա , իսկ քաղաքային տնտեսությանը բավականին երկար ժամանակահատված տվել եմ իմ կյանքը: Կարծում եմ, որ իմ պարագայում որեւէ նմանատիպ խնդիր չկա: Հաջորդ իսկ օրվանից կարելի է հանգիստ անցում կատարել աշխատանքի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան