Ընտրարշավը հուսադրող չէ. նսեմացվում է Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը. Արսեն Համբարձումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է, ինչ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը վերածվել է «Իմ քայլը»-ԲՀԿ-«Լույս» քաղաքական ուժերի միջեւ հակամարտության: Ու սա չնայած այն բանին, որ այս ուժերը կառավարության կազմում են, եւ համարվում են գործընկերներ: Բայց քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին արտահայտությունները բոլորովին այլ ենթադրությունների տեղիք են տալիս: Մինչ այդ հատկանշական է, որ գործընկեր կուսակցությունների հետ քարոզչական այս պատերազմում լռում է ՀՅԴ-ն, որը եւս կառավարության մաս է կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ խոսեց ՀՅԴ կուսակցության անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ստեղծված իրավիճակի շուրջ:

«Իհարկե գնահատելի է, որ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցում են մեծ թվով քաղաքական ուժեր: Այս ուժերի մասնակցությունը այն ակնկալիքով է, որ երկար ժամանակահատվածից հետո Հայաստանում ազատ, արդար ընտրություններ կիրկանացվեն: Բայց պետք է նաեւ ասեմ, որ ընտրարշավը հուսադրող չէ: Չեմ կարծում, որ հասարակությանը բարիկադներով տարանջատելը, քաղաքական ուժերին գունավորելը, թվացյալ հակահեղափոխականների դեմ պայքարելը քաղաքական պայքարի լավագույն եղանակ է»,- ասաց նա:

Խոսելով ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ «Իմ քայլը» դաշինքի հասցեին հայտարարությունների մասին, երբ մեղադրանքներ էին հնչեցնում Հայկ Մարությանի հասցեին, պարոն Համբարձումյանը  ասաց, որ իր կարծիքով նման հռետորաբանությունը քարոզարշավի շրջանակներում տեղին չէ: «Որովհետեւ կարծես թե նսեմացվում է Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը, այն, ինչ ենթադրվում էր, որ քարոզարշավի ընթացքում ուժերը պետք է հնարավորություն ունենային իրենց տեսլականն ու գաղափարները ներկայացնելու: Ավելորդ քաղաքականությունը չի կարող օգտակար լինել»,- ասաց նա: 

Միաժամանակ պարոն Համբարձումյանը նաեւ հավելեց. «Չժխտելով, որ այս ընտրությունները առանձնահատուկ կարեւորություն ունեն եւ քաղաքական ընտրություններ են, այնուամենայնից, կարծում եմ, որ օրակարգերի  իմաստով այստեղ որոշակի շփոթ է առաջացել, որը չի կարող օգտակար լինել քաղաքացիներին ընտրություն կատարելու հարցում»:

Հարցին՝ Դաշնակցությունը կարծես լուսանցքում է եւ շատ բաների չի խառնվում, ինչու է ընտրել այս մարտավարությունը, Համբարձումյանը պատասխանեց, որ չի կարծում, թե իրենք լուսանցքում են: 

«Մենք ընտրարշավին մասնակցում ենք` մեր սկզբունքներին հավատարիմ մնալով: Այս առումով այն կարծիքին չենք, որ ավագանու ընտրությունները  պետք է ընկալել եւ ներկայացնել որպես վարչապետի կամ վարչապետի թեկնածուի վստահության հանրաքվե: Չեմ կարծում, որ Երեւանցիները այս առումով պետք է կաշկանդում ունենան՝ քաղաքի կառավարման ղեկը այս կամ այն ուժին վստահելու հետ կապված»,-ասաց նա:

Լուսինե Մինասյան

 




Լրահոս