Մանկապարտեզի դաստիարակչուհու մտքով անգամ նման բան չէր անցնի. մշակույթի գործիչները՝ Մակունցի հայտարարած սելֆիի ժամի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձավ  ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներին` նշելով, որ դրանք լինելու  են ապակենտրոնացված ու բազմաժանր. «Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆիի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- տեղեկացրել է Լիլիթ Մակունցը։  Այս հայտարարությունը հայ հանրության շրջանում  բուռն քննարկումների տեղիք է տվել: Մշակույթի մի շարք գործիչներ նախաձեռնությունը համարում են զավեշտալի եւ խայտառակ:

Երգահան Մարինա Թագակչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չի ուզում հավատալ նախարարի հայտարարությանը. «Կա՛մ ես եմ հիմար, որ չեմ հասկանում դրա լրջությունը, կա՛մ էլ ինքն է հումոր արել. ուզում եմ այդպես մտածել: Չեմ ուզում հավատալ, որ նախարարն այդ աստիճան պրիմիտիվ բան է առաջարկել: Այդ ինչքա՞ն է պրպտել, որ գտել է այդքան լուրջ օրվա հետ կապված  մարդկանց գրավելու ժամ: Երեխայիս մանկապարտեզի դաստիարակչուհու մտքով անգամ նման բան չէր անցնի: Ավելի լավ է ոչինչ չանել, քան մի բան արած լինելու համար սելֆիի ժամ հայտարարել»,-ասաց նա:

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ նկատեց, որ մշակույթի նախարարը չի դադարում զարմացնել իր «անկրկնելի գաղափարներով». «Հիմա էլ պարզվեց, որ Հայաստանում նոր մշակույթ է ձեւավորվել՝ սելֆիի մշակույթը: Հավանաբար, դա մեր մշակույթի բարձրագույն դրսեւորումներից մեկն է, այդ պատճառով էլ այն որոշել են ցուցադրել անկախության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ: Ի՞նչ ասել է՝ հայտնի գործիչ, նրանց հետ նկարվելու պրոցեսի մեջ ո՞րն է մշակութային մոտեցումը, հոգեւոր մոտեցումը: Ի՞նչ է տալիս դա մարդկանց: Եթե մշակույթի  նախարարությունը որոշել է աշխատել կառավարության փիարի վրա  եւ լուսանկարների միջոցով  զուտ գովազդային խնդիրներ է լուծում, դա այլ հարց է: Մյուս կողմից՝ ո՞վ եւ ի՞նչ չափանիշներով է որոշելու՝ ով է հայտնի գործիչը, ով՝ ոչ: Կարծում եմ՝ մինչեւ այս գլուխգործոց-նախաձեռնության մասին որոշում կայացնելը նախարարը պետք է մի փոքր խորհեր եւ հասկանար, որ ծիծաղելիից մինչեւ ողբերգականը կես քայլ է»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս