«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում ստեղծվեց քննիչ հանձնաժողով: Ու սա չնայած այն հանգամանքին, որ տեղի ունեցածի վերաբերյալ երկու քրեական գործ է հարուցված, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքը քրեական գործի առկայության պարագայում արգելում է քննիչ հանձնաժողովի ձեւավորումը (քրեական գործերից մեկը հարուցվել է գաղտնալսելու կապակցությամբ, մյուսը՝ հեռախոսազրույցի բովանդակության օրինականության հետ կապված):
Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստն էր: Բայց ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարություններն էին, երբ իր հարցազրույցում նա պնդել է, որ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունից պարզ է, որ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կամ միջամտություն չի եղել։ Հակառակը, նա պնդում է, որ նշված երկու պաշտոնյաները քրեական գործով մտահոգություններ են հայտնել։ «Իմ կարծիքով, միջամտության մասին խոսք չկա, այլ խնդիրը վերաբերում է ԱԱԾ պետի մտահոգվածությանը, թե արդյոք հիմնավոր է ու բավարար չափով ապացուցված, որ այսինչը կամ այնինչը կալանավորվի ու կալանքից բաց թողնվի։ Այսինքն՝ ես այստեղ առերեւույթ միջամտության տարրեր չեմ տեսնում»,- ասել է Կոստանյանը։
Փաստորեն, ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը եւս պնդում է, որ դատական իշխանության վրա միջամտություն չի եղել, արդարադատությունը չի խոչընդոտվել: Ու սրանով, ըստ էության, Գեւորգ Կոստանյանը լավագույնս հիմնավորում է ԱԺ քննիչ հանձնաժողովի գոյության անիմաստ լինելը, որ այն ձեւավորվել է ընդամենը քաղաքական նպատակներով, Փաշինյանի կառավարության դեմ «խաղեր տալու» եւ նոր իշխանությանը սեւացնելու համար»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: