Թեժ քննարկում կառավարությունում. վարչապետն օրենքի անհրաժեշտություն չտեսավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Երեւանի օրը» նշել հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը և այդ դրույթն ամրագրել օրենքով: Նման նախագիծ քննարկվեց այսօր՝ կառավարության նիստում: Հարցը ներկայացնող Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց սակայն, որ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Թարգմանչաց տոն, որը համընկնում է ներկայացված նախագծով առաջարկվող օրվա հետ և առաջարկեց նախագծում «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, սակայն, որ նախկինում այդ օրը կառավարությունը կարողանում էր ճկուն կերպով տեղափոխել, իսկ հիմա օրենքով կֆիքսվի և այլևս հնարավոր չի լինի փոփոխել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ այս տարի նման խնդիր եղել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման հետ կապված, Երեւանի օրը սեպտեմբերից տեղափոխվել է հոկտեմբերի 20-21: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ դրանից առաջ էլ Երեւանի օրը հոկտեմբերից տեղափոխվել էր սեպտեմբեր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման հետ կապված: Իսկ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ տոնը պատմություն ունի, այն նշվել է որպես «Էրեբունի-Երեւան» տոն, և նա առաջարկեց տոնն ամրագրել հենց այդ անունով:

Թեժ քննարկումներից հետո վարչապետը ընդգծեց, որ պետք չէ ընդհանրապես, որ կառավարությունը դիրքորոշում հայտնի այս նախագծի վերաբերյալ. «Ես չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ նման օրենքը ընդունել ընդհանրապես: Մենք այս օրը նշել ենք շուրջ 50 տարի, ու ոչ մեկի մտքով չի անցել, թե՝ վայ, էս ինչ ենք անում, ախր օրենք չունենք: Մեր եզրակացությունն այն է, որ նման օրենքի անհրաժեշտություն չկա», – հավելեց նա:




Լրահոս