«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն, ըստ էության, պատասխանն էր կառավարությունում իր գործընկեր, իսկ ավագանու ընտրություններում մրցակից ուժերին: Փաշինյանը բաց տեքստով հասկացրեց, որ իր հետ քաղաքական շանտաժի լեզվով հնարավոր չէ խոսել:
Ինչպես հայտնի է, նախընտրական այս օրերին լարվել են «Իմ քայլը» դաշինքի հարաբերությունները մի կողմից ԲՀԿ-ի, մի կողմից «Լույս» դաշինքի հետ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորերից ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե այսպես շարունակվելու դեպքում իրենք կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ օրենսդրական նախագծերին կողմ քվեարկելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավորներից «Հանրապետություն կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք կդադարեցնեն Փաշինյանի կառավարության հետ համագործակցությունը, եթե իրավիճակը շարունակի լարվել: Եւ ահա երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ հայտարարություններին, նշեց. «Ասում են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք ուզում, թե նպատակահարմար չէ, այսինքն` ուզում էիք ասել՝ նպատակահարմա՞ր էիք գտնում ինձ վարչապետ ընտրել, դրա համար էլ ընտրեցի՞ք: Այսինքն` ուզում եք ասել` դո՞ւք եք որոշում: Դուք չե՞ք հասկացել` ինչ է կատարվում: Նպատակահարմարը է՛ս մարդիկ պիտի համարեն, ժողովո՛ւրդը պիտի համարի: Դուք, կներեք, ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք, ախր: Ընենց ասում են՝ մենք արտահերթ ընտրությունները երեւի որոշենք, որ չլինի, այսինքն` իրենք ուզում են ասել, որ իրե՞նք են որոշել, որ ես վարչապետ ընտրվեմ: Դարդն այդ չի, հիմա այս պրոցեսը շարունակվում է,, ու խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են՝ դե երեւի մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք:… Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից ՀՀ-ում կարա քաղաքական իրավիճակը փոխվի, դա ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չեմ տեսնում, չկա՛ այդպիսի ուժ ՀՀ-ում»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա միաժամանակ հիշեցրեց, որ երբ ինքը սկսել էր թավշյա հեղափոխության գնալ, նույն այդ ուժերը սկզբում չկանգնեցին իր կողքին, այլ բանակցում ու համագործակցում էին Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Երեկ Փաշինյանը նաեւ նշեց. «Էդ մարդիկ ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, բայց մինչեւ հիմա չեն հասկացել՝ էդ ի՞նչ հեղափոխություն էր, դուք սկի գլխի չեք ընկել, թե ինչ է նշանակում հեղափոխություն, ո՞նց կարաք դուք հեղափոխություն արած լինեք»:
Այս հայտարարությունները, թերեւս, պատահական չեն: Փաշինյանը մտադիր է ամեն գնով հասնել նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների, առավել եւս, երբ խորհրդարանի կողմից հաստատված ՀՀ կառավարության ծրագրում եւս այդ մասին դրույթ կա: Ու այլեւս ակնհայտ է, որ Փաշինյանը «նեղն ընկած պահին» ԱԺ արտահերթ ընտրություններ պարտադրել է համաժողովրդական ճնշման միջոցով, ինչպես վարվեց թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ԱԺ-ում ՀՀԿ-ն դիմադրում էր` չուզելով իրեն ընտրել վարչապետ:
Հիմա ակնարկելով ժողովրդի որոշման մասին, հայտարարելով, որ ժողովուրդն է հեղափոխություն արել` Փաշինյանը հասկացնում է՝ նույն ժողովրդի պարտադրանքով կհասնի նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների:
Լուսինե Մինասյան