Նոր փոփոխություններ. քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատարած ռեյդ սկսելու, օլիգարխների թիկնազորին զինաթափելու հրահանգին: Մենք գրել էինք, թե ամենեւին էլ պատահական չէ, որ Փաշինյանը հենց հիմա հիշեց հայտնի անձանց թիկնազորի մասին: Ստացվում է` նույն օլիգարխներն օրինական են պահում թիկնազոր` ի դեմս պահնորդական կազմակերպությունների աշխատակիցների: Ընդ որում, այդ պահնորդական ընկերությունները պատկանում են հենց հայտնի անձանց եւ շատ ժամանակ պահպանում են հենց նրանց անվտանգությունը:

Նշենք, որ մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը Հայաստանում պահնորդական եւ թիկնապահական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունները գործում էին բաց դաշտում առանց օրենսդրական կարգավորման եւ չափորոշիչների: 2012 թ. փետրվարի 9-ին Ազգային ժողովը վավերացրեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ մտավ 2013-ի հունվարին), որով սահմանվեցին մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական եւ այլ մարմինների հետ համագործակցության կարգը եւ այլն:

Սակայն փաստորեն մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան, որը եւս կանոնակարգված է 2012 թվականին ընդունված օրենքով: Ըստ այդմ` սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրության եւ գիտության նախարարությունը:

Այսօր շուկայում լիցենզավորված է 54 պահնորդական կազմակերություն, որոնց մի մասը գործունեություն չեն ծավալում, քանի որ համապատասխան պայմանագրեր չկան։ Իսկ ուսումնական հաստատություններն այնքան էլ շատ չեն:  Դրանցից է նաեւ «Բերկուտ» թիկնապահական եւ պահնորդական ուսումնական կենտրոնը: Մենք զրուցեցինք կենտրոնի տնօրեն Վահագն Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց կարգի վերաբերյալ: Նախ նա մանրամասնեց, որ լիցենզավորված ուսումնական հաստատություններում  դասընթացներ անցնելուց հետո ստանում են համապատասխան վկայական կրթություն ստանալու մասին` պահնորդի կամ թիկնապահի որակավորմամբ:

«Օրինական են համարվում այն թիկնապահները, ովքեր որ, համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի, լիցենզավորված ուսումնական հաստատությունում անցել են թինապահի դասընթացներ, ստացել են թիկնապահի որակավորում ոստիկանության կամ լիազոր մարմնի կողմից: Ուսուցումը ավարտելուց եւ վկայականը ստանալուց հետո նրանք հանձնաժողովում քննություն են հանձնում եւ դրանից հետո նրանք համարվում են օրինական դաշտում աշխատող թիկնապահներ», – նշեց նա:

Ընդ որում, Հարությունյանը նշեց, թե սովորելու համար սահմանափակում չկա, այդ թվում` տարիքային: Անդրադառնալով Նիկոլ  Փաշինյանի հայտնի կոչին եւ դրա անհրաժեշտությանը` Հարությունյանը նշեց. «Համաձայն օրենքի` պատվիրատուին պետք է ուղեկցեն 3 թիկնապահ եւ մեկ տրանսպորտային միջոց: Այսինքն` բացի պատվիրատուի մեքենայից եւս մեկ մեքենա կարող է ուղեկցել: Խոսքն ուղեկցող մեքենայի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքը կամ կոչը վերաբերում է այն դեպքերին, որ մենք սովոր ենք տեսնելու այսօր: Բնականաբար, դա արդեն օրենքի խախտում է, եւ խոսքը վերաբերում է դրան»:

Հավելենք, որ թիկնապահական ծառայություններ են իրականացնում նաեւ պահպանության վարչությունում, որտեղ կա անձի պաշտպանության բաժին, այսինքն` հնարավոր է` մարդիկ աշխատեն այդ բաժնում եւ թիկնապահական ծառայություններ իրականացնեն: Եվ իսկապես այս ոլորտը կանոնակարգման կարիք ունի, եւ եթե վարչապետը ցանկանում է զինաթափել, ապա պետք է ոչ թե կենտրոնանա մեկ-երկու մեքենայի վրա, այլ կատարի փոփոխություններ ոլորտում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս