Հրազդանում հայտնաբերված չարաշահումների խրոնիկան. ապօրինությունների շքերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, եւ արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ:  Սա, իհարկե, սպասելի էր, քանի որ ոչ վաղ անցյալում Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Եւ նա էլ ՀՀԿ-ական մի շարք այլ պաշտոնյաների նման չի զլացել մաս կազմելու ապօրինությունների շքերթին, իհարկե, իր հնարավորությունների սահմաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հողօգտագործման բնագավառում Կոտայքի մարզպետարանը Հրազդանի քաղաքապետարանում խախտումներ է հայտնաբերել: Օրինակ` հողամասերի ուղղակի վաճառքները տեղի են ունեցել` չպահպանելով ՀՀ կառավարության 2016 թվականի որոշման պահանջները: Բացի այս, խախտվել է նաեւ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, ինչի արդյունքում նշանակվել է վարչական տույժ 150 հազար դրամի չափով: Կոտայքի մարզպետարանը պարզել է, որ Հրազդան քաղաքում ոչ բոլոր դեպքերում են աղբախցերը ապահովված ամուր փակվող դռներով եւ սողնակով: 

Ավելին` համայնքի ավագանու կողմից հաստատված չէ սանիտարական մաքրման սխեման: Ըստ Կոտայքի մարզպետարանի` Հրազդանում բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման աշխատանքերը ոչ միշտ են իրականացվում` գոնե առնվազն երկու օրը մեկ անգամ: Իսկ ահա բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի եւ աղբահավաք խցերի դեռատիզացիա չանելու մասին ավելորդ է անգամ խոսել: Այս աշխատանքները նույնիսկ երեք ամիսը մեկ անգամ չեն արվել: Շենքերի աղբամուղները եւ աղբահավաք խցերը չեն լվացվել եւ ախտահանվել ամիսը մեկ անգամ: Նկատենք, որ այս խնդիրը առկա է նաեւ մայրաքաղաքում:  

Հրազդան քաղաքի կրթության ոլորտում եւս խախտումներ են հայտնաբերվել` բնականաբար նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից թույլ տրված: Այսպես, նա առանց ավագանու համաձայնության Ալվարդ Մարտիրոսյանին նշանակել է քաղաքի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն` խախտելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը: Եւս մեկ խախտում. համայնքի այլեւս նախկին ղեկավարը ամեն տարի մեծ գումարներ է տրամադրել համայնքի բնակիչներին որպես օգնություն: Օրինակ` 2016 թվականին տրամադրվել է 2 մլն 80 հազար դրամ 69 բնակչի, 2017 թվականին` 20 մլն 685 հազար դրամ 653 բնակչի, իսկ ահա այս տարվա 1-ին կիսամյակում` 9 մլն 625 հազար դրամ 284 բնակչի:  

Օրինակ` Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ ավագանու անդամ Սասուն Լեւոնյանը 2016 թվականից աշխատում է «Հրազդանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ում որպես մասնագետ:  Մինչդեռ ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որեւէ պաշտոն աշխատակազմում եւ համայնքային ենաթակայության կազմակերպություններում:  «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ավագանու որոշ անդամներ ավագանու գումարված նիստերի ավելի քան կեսից բացակայել են, բայց նրանց նկատմամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Մինչդեռ ՏԻՄ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ պետք է դադարեցվեին: 

Ըստ Կոտայքի մարզպետարանի` համայնքի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ծախսի նկատմամբ տարված հսկողության արդյունքում պարզվել է, որ «Նիսան Տիանա» մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենան 2017 թվականի հունիսի 8-ին ենթարկվել է վթարի, որից հետո ավելացել է «Գազ» 31105 մակնիշի ավտոմեքենայի բենզինի ծախսը` կազմելով 600-620 լիտր առանց մեքենայի վազքը հիմնավորող ցուցիչի տվյալների, կամ օրական 14 լիտրից մինչեւ 28 լիտր, որի գումարը ենթակա է վերադարձման` շուրջ 630 հազար դրամ: 

Բացի այս, անցած տարվա հունվարին քաղաքապետարանի կողմից համայնքի բնակիչներին տրվել է գումարներ: Սակայն կան մարդիկ, ովքեր երկու անգամ իրար հաջորդող ամիսներին դրամական օգնություն են ստացել: Օրինակ` Զեմֆիրա Մելիտոնյանին վճարվել է 2 անգամ 70 հազարական դրամով:

Երվանդ Միքայելյանին 40 հազար դրամ հատկացվել է մայիս եւ 40 հազար դրամ էլ հուլիս ամսիներին: Ի դեպ, անցած տարվա համայնքի բյուջեի կապի ծառայություններ հոդվածով նախատեսված գումարների համար չեն սահմանվել նորմատիվներ, հատկապես բջջային հեռախոսահամարների համար, որոնք տրամադրվել են քաղաքապետին եւ մի քանի աշխատակիցներին` թվով 12 հատ անսահմանափակ րոպեավճարով: Ընդհանուր, միջազգային ռոմինգ հեռախոսազանգերը եւ SMS-ները միասին 2016-ի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին եւ 2017-ի, 2018-ի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 մլն 895 հազար դրամ, որը ենթակա է վերադարձման:  

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ «Հուղարկավորության կազմակերպում» ՀՈԱԿ-ի տնօրենը իր որդու` Թադեւոս Հովհաննիսյանի հետ կնքել է էքսկավատոր մեքենայի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ Թադեւոս Հովհաննիսյանը գրանցված է նույն ՀՈԱԿ-ում որպես մասնագետ 80 հազար դրամ աշխատավարձով: Բացի այս, պարզվում է, որ անցած տարում Հրազդանում կատարվել են փողոցների ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ նորոգման աշխատանքներ, որոնց համար սահմանված կարգով իրականացվել են մրցույթներ: Հիմնականում նախագծանախահաշիվային փաստաթղթերի մասով պայմանագրերը կնքվել են «Ասպնջակ» ընկերության հետ մինչեւ 1 մլն դրամ գումարի սահմանում:

Սակայն Կոտայքի մարզպետարանը պարզել է, որ տվյալ ընկերության նախկին հիմնադիր համարվել է Սիլվա Պողոսյանը, ով քաղաքապետարանի  քաղաքաշինության բաժնի պետի կինն է: Ի դեպ, 2018 թվականի մայիսի 25-ին «Ասպնջակ»-ը պետական ռեգիստրում գրանցվել է որպես «Գմբեթ» ընկերություն, որի հիմնադիրն է Մյասնիկ Կոստանյանը, ով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետն է:  

Իսկ ահա 2017-2018 թվականներին Հրազդանի քաղաքապետարանը համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների համար «Դանիել-Ա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 26.5 մլն դրամի չափով սեղմված գազ, իսկ 2018 թվականին` 32 մլն 240 հազար դրամի չափով: Բայց պարզվել է, որ հիմնադիրը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, Անաստաս Դանիելյանն է` Հրազդանի նախկին քաղաքապետի եղբայրը: 

Ահա թե ինչու Արամ Դանիելյանը թավշյա հեղափոխությունից մի որոշ ժամանակ անց շտապեց հրաժարական ներկայացնել: Ու չնայած Դանիելյանը հերքում էր իր պաշտոնավարման օրոք չարաշահումների մասին լուրերը, վերջին բացահայտումները միանգամայն հակառակն են ապացուցում: 

Հ.Գ. Հավելենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության:




Լրահոս