Լուրջ փոփոխություն. գրեթե բոլոր ոլորտներում կառավարությանը հաջողվել է աճ արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Ու պետք է նկատենք, որ անկում միայն գյուղատնտեսության ոլորտում է գրանցվել, այն էլ աննշան՝ 1 տոկոսի չափով: Իսկ մնացած ոլորտներում կառավարությանը հաջողվել է աճ արձանագրել:

Այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4.4 տոկոսով, շինարարության ծավալերը՝ 8.5 տոկոսով: Ավելացել են առեւտրի շրջանառության ծավալները՝ 9 տոկոսով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26.4 տոկոսով:

Մինչ այդ, նկատենք, կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում: «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա: Այս ռեւերսի, փոփոխության շրջանում մենք նաեւ որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին, – ասել է նա` հավելելով,- ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, եւ մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով եւ պարտվելով»:




Լրահոս