Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է Հայաստանից չգնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օարթերթը Երեւանի ավագանու ընտրությունների եւ ընդհանրապես ներքաղաքական խնդիրների մասին երեկ զրուցել է «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ.

-Պարո՛ն Հովհաննիսյան, ավագանու նախընտրական քարոզարշավը մի քանի քաղաքական ուժերի միջեւ ինչո՞ւ այսպիսի սուր ընթացք ստացավ:

-Չգիտեմ` որքանով դիտավորություն կա համապետական եւ իրավաքաղաքական խնդիրները բերել նախընտրական դաշտ: Ուզում եմ մտածել, որ դիտավորություն չկա: Ցավոք սրտի, պետք է խոստովանեմ, որ դա ինչ-որ կերպով ստվերել է նախընտրական դաշտը: Մեր քաղաքացիները կենտրոնացել են պետական անվտանգությանը վերաբերող միջանձնային հարցերի վրա` ուշադրություն չդարձնելով ավագանու ընտրությունների ծրագրային եւ այլ խնդիրներին:

-Դուք ժպիտով կարմիր քարտ ցույց տվեցիք: Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա վկայում է այն մասին, որ դրանով ակնարկում եք քաղաքական վիճակի` Ձեր սրտով չլինելու մասին:

-Այո՛, մեր մրցավարը Արմեն Մարտիրոսյանն էր եւ ինքը կիրառեց կարմիր քարտը: Այդ դեպքում խաղացողը «Ժառանգություն»-ից է: Սա այն մասին է, որ նոր քաղաքապետարանում, անկախ նրանից, թե ով է իրավախախտը, ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ ընդհանուր առումով դա հիշեցում էր այն մասին, որ անգամ ամենադժվարին պահերին պիտի կարողանանք ժպտալ եւ հաղթահարել բոլոր դժվարությունները դրական լիցքերով:

-Տարիներ առաջ նախագահական ընտրություններում 500 հազար ձայն հավաքեցիք: Սրանից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ամեն ընտրություն տարբեր է իր ձեւաչափով, իր մասնակցության բովանդակությամբ, եւ մենք մասնակցում ենք մեր ժողովրդին գերագույն այլընտանք ցույց տալու համար: Իհարկե, մենք ավելի քան 500 հազար քվե ենք ստացել նախագահականում, բայց ինչպես հայտնի է` պայքարն այն ժամանակ անհավասար էր: Մենք տարբերվեցինք մյուսներից նրանով, որ չխորշեցինք այդ անհավասարությունից: Ներկա դրությամբ մենք էլի ուզում ենք, որ մեր համաքաղաքացիներն ունենան այլընտրանք: Եթե գիտակից, մտածողը սեպտեմբերի 23-ին գնա քվեարկության, ես կարծում եմ, որ «Ժառագությունը» շատ ամուր ներկայացվածություն կունենա քաղաքապետարանում:

-Դուք ասոցացվում եք բարության ու ժպիտի հետ: Կարծիքներ կան այն մասին, որ քաղաքականությունը կոշտ սկզբունքներ ունեցող մարդկանց տեղ է: Մի փոքր անհարմարավետ չե՞ք զգում Ձեզ այս դաշտում

-Պետք չէ ժպիտը շփոթել թուլության, անվճռականության կամ փափկության հետ: Ժպիտը բոլոր եղանակների համար է, ժպիտը ուժ է, սեր է եւ միասնություն: Եվ հենց այդ հավատքով ենք մենք գնում դեպի այս ընտրություններ:

-Արմեն Մարտիրոսյանն իր ելույթներից մեկում շեշտեց, որ Ձեր կուսակցությունը ամենասկզբունքայինն է: Ինչո՞վ եք Դուք ամենասկզբունքայինը:

-Մենք սկզբունքային ենք մեր համեստությամբ, քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու մեր ծառայությամբ եւ լուծումները մեզնից դուրս գտնելու ինքնավստահությամբ: Մենք գիտենք, որ մեր քաղաքի եւ երկրի հարցերը կարող են լուծվել միայն միասնական ուժերով: Մենք բարդույթներ չունենք: Մենք պատրաստ ենք լուծումները գտնել մեզնից ավելի խելացի մարդկանց հետ միասնական ուժերով եւ թիմով

-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր` Հայաստանից գնալ-չգնալու հարցը կապվա՞ծ է քաղաքականության մեջ գրանցած հաջողությունների եւ անհաջողությունների հետ:

-Ես 30 տարի է` ապրում եմ Հայաստանում: Այստեղ ապրել եմ ամեն ինչ: Ապրել եմ մեծ բերկրանք, երջանկություն, ինչու չէ, նաեւ տխուր պահեր, ունեցել եմ թռիչքներ, վայրէջքներ, բայց կարեւորը եղել եմ իմ սիրած քաղաքում, իմ պաշտած երկրում:  Ես չեմ գնա: Եվ մենք պիտի ունենանք այնպիսի Հայաստան, որ ոչ մեկի մտքով չանցնի գնալ:

-Խորհրդարանական հնարավոր կայանալիք ընտրությունների հետ կապված իշխող կուսակցությանը առաջարկեցիք ներկայանալ միասնական ցուցակով: Ինչո՞ւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն արեցիք այդ առաջարկը: Քաղաքական դաշտում ուրիշ ուժերի հետ համագործակցության եզրեր չե՞ք տեսնում:

-Մենք համարում ենք, որ կուսակցական պայքարի համար մի քիչ վաղ է: Հիմա պիտի մտածենք հեղափոխությունն ամբողջացնելու մասին: 4-5 տարի հետո նոր կարելի է մտածել կուսակցությունների միջեւ պայքար ծավալելու մասին: Իսկ համագործակցության օրերը տակավին առջեւում են:

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս