Ինչո՞ւ ԱԺ նախկին նախագահներ Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը ներկա չէին կարևոր միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Հրավիրված էին նախորդ գումարման խորհրդարանների պատգամավորները՝ մոտ 600 հոգի: Ու հատկանշական է, որ ներկա չէին ԱԺ նախկին նախագահներ Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը: Հատկապես Հովիկ Աբրահամյանի բացակայությունը խոսուն էր. ի վերջո, նա եւս թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում եւ հավանաբար լրագրողներից ու նախկին գործընկերներից խուսափելու համար չէր եկել: Նախկին նախագահները հրավիրված չէին, թեեւ նրանցից Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է Գերագույն խորհրդի նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարճ ժամանակով՝ ԳԽ պատգամավոր:

Բայց ամենաուշագրավը երեկ միջոցառումների ընթացքն էր: Ելույթ ունենալիս չկարողացան առանց իրար «քաղաքական կսմիթներ» անելու մնալ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախ առաջինը ելույթ ունեցավ Բաբլոյանը եւ նշեց. «Վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը:

Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ»: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չէր կարող առանց պատասխան թողնել ելույթը եւ նշեց. «Որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները: Հույս հայտնեմ, որ նաեւ կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում»,- նշեց Փաշինյանը:




Լրահոս