Հավերժ բացակա. Արմեն Սարգսյանը փոխանակ հետևի Սահմանադրությանը, անտեսում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անմասն է մնում Հայաստանի ներսում կատարվող իրադարձություններին: Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցան ներքաղաքական բազմաթիվ իրադարձություններ, որոնց, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է շատ հազվադեպ կամ առհասարակ չի արձագանքել: Իսկ պաշտոնական պատասխանն էլ լինում է այն պատճառաբանութունը, թե Արմեն Սարգսյանը չի ցանկանում իր լիազորություններից դուրս գալ եւ խառնվել ներքին գործերին:

Այդպես եղավ, երբ ՀՔԾ-ն 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու կալանավորեց:

Այդպես եղավ նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ հայտնի ձայնագրության հրապարակումից հետո: Այդ ձայնագրությանն արձագանքեցին, դրա մասին խոսեցին բոլորը, սակայն Արմեն Սարգսյանն այդպես էլ անհաղորդ մնաց: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի լրատվական ծառայություն` իմանալու համար Արմեն Սարգսյանի տեսակետը հայտնի գաղտնալսման շուրջ: Սակայն պատասխանը կրկին եղավ այն, թե նախագահը մեկնաբանություն չունի, եւ փաստորեն իր լիազորություններից դուրս է այդ ամենը:

Սակայն իրականում իրավիճակն այնքան էլ այդպես չէ, եւ չպետք է մոռանալ, որ հենց Սահմանադրությամբ ամրագրված երկու դրույթները ի չիք են դարձնում այդ մեկնաբանությունը: Մասնավորապես Սահմանադրության 5-րդ գլուխ, 123 հոդված.

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:

Հենց երկրորդ դրույթի իրականացման մեջ է մտնում հայտնի գաղտնալսման թեկուզ եւ արձագանքելը: Ի վերջո, Սահմանադրության մեջ ամրագրված են դրույթներ, որոնք էլ հենց խախտվել են այդ գաղտնալսումը թեկուզ եւ կատարելիս: Իսկ հիմա խոսենք փաստերով:

Օրինակ` նույն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության մեջ նշվում է, թե դատավոր է զանգահարել ԱԱԾ տնօրենին, խորհուրդ հարցրել, ապա նշվում է` «վարչապետն ասում է` փակեք»: Այս հատվածը մեկնաբանվեց այնպես, թե փորձ է արվում միջամտել արդարադատության իրականացմանը, դատավորների աշխատանքին: Եթե խախտվել է դատարանների անկախության կամ արդար դատաքննության սկզբունքը, եթե ներգործություն է եղել դատարանի եւ դատավորի վրա, իսկ դա էլ նշանակում է, որ Սահմանադրությունը չի պահպանվել, եւ նախագահը պարտավոր էր արձագանքել:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այստեղ տուժող են նաեւ նույն Սասուն Խաչատրյանը կամ Արթուր Վանեցյանը, քանի որ դա եղել է մասնավոր ձայնագրություն, եւ փաստացի այն հրապարակվել է, որը հիմք է տալիս եզրակացնելու, որ խախտվել են նրանց իրավունքները՝ հեռախոսային խոսակցության եւ գաղտնիության իրավունքը: Ի վերջո, այդ երկու պաշտոնյաները մասնավոր զրույց են ունեցել, որը հրապարակելը խախտում է նաեւ անձնական տվյալների պաշտպանության փաստը, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների հրապարակումը եւս անթույլատրելի է, մանավանդ, որ գաղտնալսումներն արվել են ապօրինի: Փաստացի խախտվել են այս պաշտոնյաների սահմանադրական իրավունքները:

Ու նման դեպքում ենթադվրում է՝ նախագահը պետք է որեւէ կերպ արձագանքեր կատարվածին, տեսակետ հայտներ: Բայց չնայած այս ամենին` Արմեն Սարգսյանը, որ պետք է հետեւեր Սահմանադրության իրականացմանը, փաստացի աչք է փակում դրա կետերի խախտումների վրա:

Իհարկե, բազմիցս է նշվել, որ Արմեն Սարգսյանի լիազորությունները սահմանափակ են, եւ նա չի խառնվում բազմաթիվ հարցերի, սակայն վերը նշված կետերը հենց նրա անմիջական պարտականություններն են: Էլ որ դեպքում պետք է Արմեն Սարգսյանը հրապարակային իր տեսակետն արտահայտի, եթե ոչ Սահմանադրության խախտման պարագայում: Ի դեպ, երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովում մասնակցում էր խորհրդարանի կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո եւս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս